Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուշարձանը չի կարելի հյուրանոց դարձնել (տեսանյութ)

Հասարակություն
692c9ed90efcd24fcbdd34de0fddaba7

ԱԳՆ շենքը վաճառվում է` առանց հաշվի առնելու, որ այն հուշարձան է: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասում է, որ կարևոր է նաև այն փաստը, որ շենքը գտնվում է Հանրապետության հրապարակում, որ վարչական կենտրոն է:

«Մինչև վաճառելու գործընթացը, կարևոր գործառույթներ կան անելու, որպեսզի պահպանենք մեր իսկ ստեղծած օրենքների գործադիր կատարումը: Եթե ինչ- որ բան վաճառում ենք, ապա դա պետք է անել ըստ օրենքի, որն այս դեպքում անտեսված է»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Ճարտարապետների միության նախագահ չի բացառում, որ հյուրանոց դառնալուց հետո հուշարձանը կարող է դեֆորմացիայի ենթարկվել: Պարոն Մինասյանն ասում է` իրենք այսօր չէին անհանգստանա ԱԳՆ շենքի վաճառքով, եթե կորցրած չլինեինք Սևան հյուրանոցը, Երիտասարդական պալատը, եթե չկորցնենք Փակ շուկան:

«Այլևս չի կարելի թողնել, որ քաղաքից մաս- մաս հանվեն իր պատմության էջերը: Մենք շատ անհանգստացած ենք»,- ասաց պարոն Մինասյանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ կարծում է, որ հուշարձանը հյուրանոցի վերածելով` կնսեմացվի մի ամբողջական համալիրի` Հանրապետության հրապարակի պատմական արժեքը: Ճարտարապետը նաև հիշեցնում է` ցանկացած հուշարձան օգտագործման ձևերի սահմանափակումներ ունի:

«Օրինակ` Օպերայի շենքը չի կարելի դարձնել կազինո: Այս պարագայում նույնպես` վարչական շենքը չի կարելի դարձնել հյուրանոց»,- ասաց Սաշուր Քալաշյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը առաջարկում է կազմել մի ցուցակ, որտեղ կընդգրկվեն բոլոր այն հուշարձանները, որոնք չպետք է վաճառել սեփականատերերի: