Որսագողը բացահայտ որսագողություն չի անում
Որսի սեզունն այս տարի ավարտվել է։ Ըստ «Օրինավոր որսի ակումբի» անդամ Էդուարդ Սարիբեկյանի՝այս տարվա ընթացքում բավականին շատ են եղել որսագողության դեպքերը։
Ըստ նրա՝ ինքը գրեթե միշտ ձկնորսության գնալիս որսագողների է հանդիպել:
«Որսահանդակներում, եթե մենք տեսնում ենք որսագողության կամ օրենքի խախտումներով որսի դեպքեր, մենք անմիջապես միջամտում ենք կամ կանխում, բայց շատ հաճախ մենք դրա հետեւանքներին ենք ուղղակի հանդիպում, քանի որ որսագողը բացահայտ որսագողություն չի անում»,-ասում է Սարիբեկյանը:
Ըստ նրա՝ բնապահպանության նախարարությունը պետք է ուժեղացնի հսկողությունը։
«Այս տարի՝ list.am կայքում մեկը պարբերաբար հայտարարություն էր տալիս, թե ռեստորաններին վաճառում է վայրի լոր ու դա դեռ որսասեզոնի բացումից առաջ էր»,-ասում է Սարիբեկյանը:
Օրինական որսասեզոնը բացվում է ամեն տարի օգոստոսի 3-րդ շաբաթից ու ավարտվում փետրվարի վերջին:
Թույլատրվում է որսալ գայլ, աղվես, նապաստակ, վայրի խոզ, թռչուններից լոր, աղավնի, ինչպես նաեւ ջրլող թռչունների մի քանի տեսակներ:
Օրինական որսագողության ժամանակ, ըստ ՀՀ Բնպահպանության նախարարության հայտարարության, ամեն մի որսորդ անսահմանափակ քանակությամբ կարող է որսալ միայն ագռավ ու կաչաղակ:
Ի դեպ, այս տարի, ըստ պարոն Սարիբեկյանի, միակ դրական առաջընթացը այն էր, որ որսահանդակներում ավելի շատ տեսուչներ են եղել: