Առնետներ չեն, մի կոտրեք նրանց թեւերը
Դասադուլային թեմայով «Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված քննարկումը վերածվեց բանավեճի։
Ակտիվիստները պնդում են, որ դասադուլը ամբողջ աշխարհում միշտ եղել է բողոքի միջոց, իսկ բուհերի ուսխորհուրդների նախագահները հակադարձում են` նշելով, որ դասադուլները խանգարում են դասապրոցեսը ու խախտում են մյուս ուսանողների կրթություն ստանալու իրավունքը:
«Դասադուլ անելու համար ընտրեք այնպիսի վայրեր, որտեղ չեք խանգարի որեւիցե մեկի իրավունքներին: Կան ուսանողներ, ովքեր վճարում են իրենց կրթությւոն ստանալու համար: Եւ ինչ որ մեկի իրավունքը ոտնահարել, չթողնել, որ ինչ որ ուսանող կրթություն ստանա, դա ճիշտ չեմ համարում: Դասադուլի համար ճիշտ վայր չեն բուհերը»,-ասում է ԵՊՄՀ-ի ուսխորհրդի նախագահ, ՀՀԿ-ի անդամ Ներսիկ Մարգարյանը:
Ակտիվիստ Դանիել Իոնիսյանը ընդգծում է, որ ուսանողական ընդվզման պատճառը փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունների «կեղծված արդյունքներն են»:
«Ուսանողները չեն կարող անմասն մնալ քաղաքական պրոցեսներից: Երբ որ ասում են բուհերը պետք է ապաքաղաքականցվել, դա իրականում ես համարում եմ հակապետական: Բուհերը պետք է ապակուսականացվեն, բայց ուսանողը իրավունք ունի քաղաքական դիրքորոշում ունենալու, քաղաքականցված լինելու»,-ասում է Դանիել Իոնիսյանը:
Ակտիվիստները նշում են, որ բոլոր բուհերի մուտքերը, դարպասները դասադուլի ժամանակ փակվում են, բուհերը վերածում են բանտերի և թույլ չեն տալիս, որպեսզի մյուս ուսանողները միանան դասադուլավորներին:
Դասադուլը եւ գործադուլը սահմանադրական իրավունք է,-ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը։
«Իմաստը ամբողջ դասադուլի հենց դա է, որ մարդիկ որոշակի պահանջներ առաջադրելով, չեն մասնակցում կոնկրետ այն գործընթացին, որում իրենք ներգրավված են: Այսինք կամ դադարում են աշխատել, կամ եթե ուսանող են դադարեցնում են իրենց ուսանողական պարտականություների ու գործառույթների կատարումը»,-նշում է Էդգար Վարդանյանը:
Իրավական տեսակետից դժվարանում է լուծում տալ Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Առաջինը՝ մարդիկ ունեն խոսքի ազատության իրավունք, բողոքի իրավունք, իսկ եթե ավելի նեղացնենք, խնդիրը վերաբերում է նրան, թե երկիրը ժողովրդավարական է, թե ոչ, որվեհետեւ ժողովրդավարական երկրներում այդ բողոքի ակցիաները երբեւէ չեն դիտվի որպես դասի հատուկ չգնալ եւ դրա պատճառով ուսանողներին դասերիցչեն հեռացնի»,-ասում է իրավապաշտպանը:
Իշխանյանը նշեց, որ իրավապաշտպանները կփորձեն պաշտպանել դասադուլավորներին, եթե բռնություն լինի նրանց նկատմամբ եւ վերջում հորդորեց բուհերի ռեկտորներին՝ մեջբերելով Ալպաչինոյի ֆիլմերից մի հատված, որ «բուհերը ոչ թե առնետներ պետք է մեծացնեն, այլ ազատ մտածող մարդիկ եւ մի կոտրեք նրանց թեւերը»: