Ինչի՞ց է մահացել Վահե Ավետյանը (տեսանյութ)
Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկված ռազմական 4 բժիշկների և բռնարարքի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը:
Դատական նիստի ընթացքում ցուցմունքներ տվեց դատաբժշկական փորձագետ Գևորգ Գաֆարյանը:
Փորձագետը նշեց,որ դիակի զննության ժամանակ հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ,որոնք արձանագրված չեն եղել հիվանդության պատմության մեջ:
Դրանք մասնավորապես վերջույթների կոտրվածքներ են, հայտնաբերվել են նաև արյունազեղումներ ձախ ծոծրակային շրջանում:
Ամբաստանյալների պաշտպաններին, մասնավորապես, անհանգստացնում էր մեկ հարցի պատասխան,թե արդյոք քթի կոտրվածքի հետևանքով հնարավո՞ր է արձանագրել գանգուղեղի մահ, որը դեռ կենսաբանական մահ չէ:
Բժիշկ Գաֆարյանը նշեց,որ չի կարող ասել,թե կոնկրետ,որ վնասվածքն է դարձել գանգուղեղային մահվան պատճառ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը կարծում է, որ պետք է դատարան հրավիրվեն նաև Վահե Ավետյանի մահվան պատճառն ուսումնասիրած բժշկական կոնսուլիումին մասնակից մյուս բժիշկները:
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 1-ին ժամը 12 անց 30-ին: