Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հղի կին է մահացել

Հասարակություն
e40e0b1650eb80f92fa8e7df53532cbc

Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում մահացու գրիպի համաճարակի մասին լուրերը։

«Էրեբունի» բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ երկու անձ կա պառկած՝ սուր շնչառական վարակով։ Այս մասին «Ա1+»-ին ասաց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։

Այսօր պարոն Ասոյանը այցելել է նրանց եւ նշեց, որ երկուսն էլ արական սեռի ներկայացուցիչներ են, հիվանդներից մեկը 60 տարեկանից բարձր է, իսկ մյուսը՝ երիտասարդ։ Ըստ պարոն Ասոյանի՝ մեկը արդեն դուրս է գալիս ծանրագույն վիճակից, իսկ մյուսը դեռ շարունակում է մնալ։

Գլխավոր վարակաբանը նաեւ նշեց, որ այդ հիվանդների մեջ հղիներ չկան եւ չկա Հայաստանում այնպիսի համաճարակ, որ կանանց հղիությունը ընդհատվի։

«Ես կամ չեմ խոսում, կամ ճիշտն եմ ասում, իսկ մեկ հղիի մահվան դեպք նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է, սակայն ես նրան չեմ տեսել»,- նշեց նա։

Իսկ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:

Սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2013 թվականի ընթացքում, համաձայն հանրապետությունում իրականացվող մոնիտորինգի տվյալների, 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 1,1 անգամ: Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է, որ վերջին շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է գրեթե 1,5 անգամ:

«Հանրապետությունում սեզոնի ընթացքում շրջանառում է գրիպի Ա (H1N1, H1N1պնդ, H2N3) և Բ տեսակները: Ինչ վերաբերում է գրիպի Ա H1N1պնդ ենթատեսակին՝ նախկինում խոզի գրիպին, ապա պետք է նշել, որ վերջինս, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարության, այլևս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը, և այն դասվում է որպես սեզոնային գրիպի ենթատեսակ:

Գրիպի յուրաքանչյուր տեսակով կամ ենթատեսակով պայմանավորված հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացքով դեպքերի արձանագրում, ինչին կարող են նպաստել բժշկական օգնության ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը, հիմնական (քրոնիկ) հիվանդությունների կլինիկական առանձնահատկությունները և այլն:

Ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբերի և ծանր սուր շնչառական վարակների առումով շարժը գնահատվում է օրինաչափ, քանի որ նշված ախտաբանությամբ հիվանդները կազմում են ամբողջ հիվանդների գրեթե 5-10%-ը: Եվ առկա հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, ունեն առողջացման դրական շարժընթաց, ստանում են համապատասխան բուժում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

ՀՀ առողջապահության նախարարության դիտարկման արդյունքները վկայում են, որ գրիպանման երևույթներով հիվանդների բժշկական օգնության դիմելիության ժամանակ հիվանդությունն ընթանում է թեթև, ենթարկվում է արագ բուժման՝ առանց բարդությունների, իսկ չդիմելու դեպքում բարդությունների առաջացման հավանականությունը մեծ է հատկապես խոցելի խմբերի շրջանում՝ քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք (սրտանոթային, շնչառական համակարգի և ուռուցքային հիվանդություններ, շաքարախտ, հղիներ և այլն:  


Վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված  մահվան երկու դեպքը պայմանավորված է հիվանդների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով: