Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անարդյունք զանգեր, պատերից նայող հրեշտակներ (տեսանյութ)

Հասարակություն
16c5b23377c6f4746775ecffa340f9a6

35-ամյա Արման Հարությունյանն արդեն 12 տարի չի կարողանում ոտքի կանգնել։

«Սրսկումներ, մասաժներ, ամեն ինչ նշանակել են, բայց ոչ մի օգուտ չի եղել դրանից»,- ասում է նա։

Ոչ ոք չի կարողանում ասել, թե ինչու է այդպես։ Հայ բժիշկները տարբեր բուժումներ են նշանակել, ոչ մի օգուտ։ Ասել են՝ քո հիվանդությունը նյարդերից է. «Մեջքում ցավեր ունեմ շատ ուժեղ, չեմ կարողանում նստել երկար։ Ցավերի պատճառով չեմ կարողանում երկար, օրվա մեծ մասը պառկած եմ անցկացնում»։

Մի քանի ամիս առաջ գերմանացի ողնաշարագետ մի բժիշկ է ստուգել նրան։ Ասել է, որ «բուժվող հիվանդություն է, պիտի բերեք Գերմանիա»։ Հիմա գումար են հավաքում, սկզբի համար երկու հազար եվրո։ Մերժել են բոլորը, ում դիմել են. « Ես նամակով դիմել եմ Վիվասելի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, եւ այդպես շատ մեծ մարդկանց եմ դիմել, բայց ինձ մերժել են»

Մայրը՝ Փիրուզա Հարությունյանն էլ լրացնում է. «Դիմեց առողջապահության նախարարություն, ամեն տեղ զանգեց, ոչ մեկը բան չարեց, ասեց չենք կարա օգնենք»։

Հարությունյանների բնակարան ամսվա ընթացքում մտնում է 80 հազար դրամ, 18 հազարը Արմանի հաշմանդամության թոշակն է։

Մոր աչքի առաջ է տեղի ունեցել ամեն ինչ՝ սկզբից աստիճանները բարձրանում էր թաթերի վրա, հետո ոտքերն ընդհանրապես չեն ենթարկվել մարմնին։ Հիվանդությունից ի վեր միակ «ձեռքբերումն» անվասայլակն է։ Նաեւ վերելակը, որ կառուցվել է Գագիկ Ծառուկյանի միջոցներով` Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավի օրերին: Դիմել են նաեւ հանրապետության առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանի գրասենյակ։ Այնտեղ օգնության համար նա աշխատակիցներից մեկը ցույց է տվել միակ ճիշտ, բայց ապարդյուն ուղղությունը. «Ասաց՝ Ռիտա Սարգսյանն ասել է՝ դիմեք Սերժ Սարգսյանին»,- պատմում է մայրը։

13-ամյա դուստրը՝ Փիրուզան հորը երբեք կանգնած չի տեսել. «Ես հիմնականում ամաչելու խնդիր չունեմ, որ իմ հայրը չի քայլում»։

Փիրուզան մտածում է, որ իր միջազգայնագետ դառնալը հորը շատ կօգնի։ Սովորում է լեզուներ։ Նա լսել է, որ գիտությունը Հայաստանում հարցեր է լուծում։ Հույսները սակայն Աստծո վրա է։ Երկնքից նայող հրեշտակների եւ Աստվածամոր պակասություն այս տանը չկա։