Պահանջում են հուղարկավորել Կոմիտասի պանթեոնում (տեսանյութ)
Հայ գրողները պահանջում են բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։ Այսօր նրանք նամակ են ուղղել Սերժ Սարգսյանին, որում տեղյակ են պահել, թե ով է Հովհաննես Գրիգորյանը։
«Գրիգորյանը նաև բացառիկ ներդրում ունի համաշխարհային գրականության լավագույն արժեքները հայերեն թարգմանելու գործում, այն էլ` իսպաներենից: 2012-ին նա արժանացել է ՀՀ պետական մրցանակի»,-գրել են նամակագիրները։
Նամակում նրանք նշել են, որ բանաստեղծը գրականություն մտավ «Աշուն» աղմկահարույց բանաստեղծությամբ։
Այնուհետեւ բանաստեղծական 10-ից ավելի ժողովածուներով Գրիգորյանը բազմադարյան պոեզիան բարձրացրեց բոլորովին նոր մակարդակի։ «Մենք` գրողներս, գրականագետներս, մշակույթի գործիչներս խնդրում ենք ընդառաջել մեզ և կատարել համապատասխան կարգադրություն, որպեսզի Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան այգու պանթեոնում»,-երկրի փաստացի ղեկավարին գրած նամակում նշել են հայ գրողները։