Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ ի պաշտպանություն թրքահայ կանանց

Հասարակություն
7671c5ad8bcb62beb4c207f0b9ae7fe8

«Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» հ/կ հայտարարությունը
«Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» հ/կ-ն դատապարտում է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայազգի կանանց նկատմամբ շարունակաբար իրականացվող հարձակումներն ու բռնությունները և խստորեն պահանջում Թուրքիայի իշխանություններից՝ ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը, հետամուտ լինել վերոնշյալ հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում: Նման վայրագությունները հատկապես սրում են իրավիճակը Ցեղասպանության 98-ամյակին ընդառաջ:

Թուրքական իշխանությունների լռությունը և կրավորական կեցվածքը պարարտ հող են ստեղծել այդ երկրում ատելության, անհանդուրժողականության ու ազգայնական տրամադրությունների աճի և հայության շրջանում վախի մթնոլորտի ձևավորման համար:
Կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԽ-ին և մյուս բոլոր միջազգային կազմակերպություններին ու իրավապաշտպան կառույցներին` համարժեքորեն արձագանքել թուրքական իշխանությունների անգործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ երկրում ազգայնական հողի վրա հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանության հարցում:

Կոչ ենք անում ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպություններին, երիտասարդական կառույցներին, անհատներին միանալ Ստամբուլի միջադեպերը և ընդհանրապես Թուրքիայում՝ մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը դատապարտող բողոքի երթին, որի ընթացքում բաց նամակ կհանձնվեն միջազգային կառույցների ներկայացուցիչներին:

Երթը տեղի կունենա փետրվարի 11-ին ժամը 12:00-ին Հանրապետության հրապարակում: Երթուղին ՝ Հանրապետության հրապարակ, ՄԱԿ-ի գրասենյակ, ԵՄ գրասենյակ: