Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվի հիվանդության 20 միլիոն նոր դեպք, չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալներով հանրապետության չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր կառուցվածքում 2011 թվականին չարորակ նորագոյացությունները կազմել են շուրջ 20 %: Մահացության ցուցանիշը 100 000 բնակչի հաշվով 2011-ին կազմել է 169.9:
Չարորակ նորագոյացությունների տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ 2011 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունը Հայաստանի չափահաս բնակչության ընդհանուր հիվանդացության կառուցվածքում կազմել է 3.4%, իսկ առաջնակի ախտորոշված հիվանդացությունը` 1.5%:
Վիճակագրական տվյալների համաձայն հանրապետության տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի և շնչափողի, բրոնխների (ընդհանուր` 1235), իսկ կանանց մոտ կրծքագեղձի (1150), արգանդի վզիկի (288) չարորակ նորագոյացությունները:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 2011 թվականի տվյալներով շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից հիվանդացությունը 6 անգամ գերազանցել է տղամարդկանց մոտ, ինչը մեծապես պայմանավորված է նրանց շրջանում ռիսկի գործոններով (ծխախոտի օգտագործման տարածվածության բարձր ցուցանիշով) և հիվանդության ուշ հայտնաբերմամբ: