Դատարանի նախագահն ընդունել է խմբագրին
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկությամբ կազմակերպվեց ընդունելություն, որին մասնակցեցին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը և նույն օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված հայցով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոց` գույքի վրա արգելանք դնելու որոշման կապակցությամբ, այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մի շարք լրագրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ:
Ռուբեն Վարդազարյանը մասնավորապես նշեց, որ դատարանի կողմից գույքի վրա դրված արգելանքը չի կարող խոչընդոտել խմբագրության բնականոն գործունեությունը, քանի որ խմբագրությունն ազատ է օգտագործել, տիրապետել և տնօրինել իր դրամական միջոցները, ինչպես նաև օգտագործել և տիրապետել գույքը:
Մանրամասն պարզաբանեց հայցի ապահովման դատավարական ինստիտուտի էությունը, հիմքերը, միջոցներն ու կիրառման կարգը:
Նշեց, որ ճիշտ չէ Թագուհի Թովմասյանի այն կարծիքը, թե հայցի ապահովման հարցը քննվել է նախնական նիստի ընթացքում, որի մասին տեղեկացված չէր: Պարզաբանվեց, որ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունները քննարկվում են առանց դատական նիստ հրավիրելու, ինչը բխում է հայցի ապահովման ինստիտուտի էությունից ու նպատակից:
Իրենց գործով նախնական դատական նիստը հրավիրված է 2013թ. մարտի 22-ին, իսկ մինչ օրս այդ գործով դատարանը որևէ նիստ չի հրավիրել:
Ըստ Դատական դեպարտամանետի մամլո հաղորդագրության՝ Թագուհի Թովմասյանը փաստեց, որ ներկայումս իր ղեկավարած խմբագրության գործունեությունը որևէ կերպ չի խոչընդոտվել, սակայն մտավախություն ունի, որ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կարող է յուրաքանչյուր պահի մտնել խմբագրություն և արգելանքի դրված գույքը առգրավվել:
Դատարանի նախագահը մանրամասն ներկայացրեց այն իրավանորմերը, որոնցով յուրաքանչյուր անձ իրավասու է իր խախտված իրավունքը վերականգնելու պահանջով դիմել դատարան:
Այն դեպքում, երբ հետագայում կկարծեն, որ պետական մարմնի գործողությամբ կամ անգործությամբ թույլ է տրվել իրենց իրավունքների խախտում, ապա կարող են դիմել դատարան` խախտված իրավունքները վերականգնելու պահանջով: