Նիստը նախագահեց Նիկոյանը
2013թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը: Այն կայացավ ՀՊՃՀ Խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի նախագահությամբ և ՀՊՃՀ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանի քարտուղարությամբ:
Համալսարանի 2012թ. գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվության զեկույցով հանդես եկավ ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը: Նա Խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ հաշվետվությունը քննարկվել է ՀՊՃՀ Գիտական խորհրդի հունվարյան նիստում և երաշխավորվել ներկայացնելու համալսարանի խորհրդի քննարկմանն ու հաստատմանը:
Մինչ հաշվետու տարվա բուն արդյունքներին անդրադառնալը` ռեկտորը Խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ հաշվետվությունն առաջին անգամ կազմվել է նոր ձևաչափով, որի հիմքում ընկած է համալսարանի 2011-2015 թթ. ստրատեգիական պլանը:
Այն կառուցվածքով ամբողջովին համապատասխանում է պլանի կառուցվածքին և նպատակներին, ինչպես նաև արտացոլում է զարգացման ռազմավարական ուղենիշներն ու գնահատման չափանիշները:
Այնուհետև Ա. Ավետիսյանը հանգամանորեն անդրադարձավ ստրատեգիական պլանի 8 նպատակներին և դրանցից բխող խնդիրների կատարման ընթացքին, որոնք վերաբերում են Պոլիտեխնիկի ուսանողական բավարար համակազմի ապահովմանը, Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ` բարձրորակ, արդյունավետ և արդիական կրթության կազմակերպմանը, ՀՊՃՀ նյութատեխնիկական բազայի կատարելագործմանը, գիտական ներուժի կայուն զարգացմանը, որակի ապահովման ներքին համակարգի և ենթակառուցվածքների ձևավորմանը, ինչպես նաև` համալսարանի արտաքին կապերի ամրապնդմանը և համալսարանի միջազգայնացման գործընթացի շարունակական լավարկմանը:
Իրականացված գործունեությունը Խորհուրդը գնահատեց դրական և միաձայն ընդունեց ՀՊՃՀ 2012թ. հաշվետվությունը: Միևնույն ժամանակ, ելնելով ռեկտորի ծավալուն հաշվետվության տրամաբանությունից և առաջարկություններից, Խորհուրդն իր որոշմամբ ամրագրեց 2013թ. օրացուցային տարում համալսարանի գործունեության առաջնահերթությունները:
Այդ առաջնահերթությունների շարքում են դիվերսիֆիկացված ընդունելությունը, «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ԱՆԵԼ)» ծրագիրն ավարտին հասցնելը, համալսարանի արտաբյուջետային մուտքերի կառուցվածքի բարելավումը՝ գիտատեխնիկական համագործակցությամբ և տնտեսական պայմանագրերով նախատեսվող մուտքերի մասնաբաժինը մեծացնելու միտումով, համալսարանի պրոֆեսորադասախոսական ներուժի պահպանման ռեժիմից դրա փուլային զարգացման ռեժիմի անցումը, եվրոպական չափորոշիչներին համահունչ կրթական որակի ապահովմանը և մշտական բերելավմանն ուղղված ներհամալսարանական գործընթացների ու գործիքամիջոցների զարգացումը, ինչպես նաև միջազգային նորմերով առաջին անգամ իրականացվող ՀՊՃՀ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը հաջողությամբ ավարտին հասցնելը:
Օրակարգի երկրորդ հարցը նվիրված էր ՀՊՃՀ 2013թ. ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշիվներին, որը նույնպես նախապես քննարկվել և հավանության էր արժանացել բուհի Գիտական խորհրդում: Խորհուրդն այս մասով լսեց ռեկտորի զեկույցը և հաստատեց ՀՊՃՀ 2013թ. եկամուտների նախահաշիվը (4.493.565,4 հազար դրամ) և ծախսերի նախահաշիվը (4.092.000.0 հազար դրամ):
Այս մասին հայտնում է ՀՊՃՀ-ի մամլո ծառայությունը։