Ստոմատոլոգները գործադուլ կանեն, թե...
Ստոմատոլոգները մշակել են մի փաթեթ, որով ակաջարկում են փոփոխություններ մտցնել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում: Փոփոխությունները, որոնք այսօր քննարկվեցին համաժողովում, այս ոլորտի մասնագետների խոսքերով` կվերականգնեն ատամնաբույժների բնականոն աշխատանքը: Փաթեթը մշակել է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
«Մենք արտոնագրային վճարները չենք դիտարկում առաջնային զննման կաբինետների, պոլիկլինիկաների, մանկական ստոմատոլոգիայի և ուսումնական պրոցեսի համար նախատեսված բազկաթողների համար»,-ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազեր Եսայանը:
Ատամնաբույժներն ասում են` հունվարի 1-ից գործող «Արտոնագրային վճարների մասին» օրենքն ընդունելիս ոչ ոք հաշվի չի առել նրանց կարծիքը: Նոր օրենքն այս ոլորտի մասնագետների համար առաջացրել է մի շարք խնդիրներ: Ստոմատոլոգների ասոցացիայի նախագահ Աշոտ Գևորգյանի խոսքերով` եթե օրենքում անհապաղ փոփոխություններ չմտցվեն, առաջացած խնդիրները կլինեն շարունակական: «Նոր օրենքի պատճառով, օրինակ, ծանր կացության մեջ են ընկնում ուսումնական հաստատությունները: Համալսարաններում ուսանողներին մոտ չեն թողնելու բազկաթոռներին, որպեսզի դասախոսներն այդ բազկաթոռներին միայն հիվանդ ընդունեն` իրենց հարկերը վճարելու համար»,- ասաց Աշոտ Գևորգյանը:
Ստոմատոլոգների կողմից մշակված փոփոխությունների փաթեթը վերջնական տեսքի բերելուց հետո, այն կներկայացվի ԱԺ: Մինչ այդ ատամնաբույժները սպասում են Կառավարության ենթաօրենսդրական ակտերին:
«Ազգային ժողովը մարտի սկզբին նոր կսկսի աշխատել օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, այդ պատճառով էլ առաջիկա 3 ամիսների համար սպասում ենք Կառավարության ենթաօրենսդրական ակտերի, որը գոնե կթեթևացնի 3 ամսվա բեռը, սակայն ոչ մի պատասխան դեռ չենք ստացել»,- ասաց Ստոմատոլոգների ասոցացիայի նախագահը:
Ատամնաբույժները համոզված են, որ օրենքում համապատասխան փոփոխություններ չկատարելու դեպքում բազմաթիվ ատամնաբույժները կդառնան գործազուրկ: «Կմեծանա արտագաղթը, եւ ամենացավալին այն է, որ երկրից կհեռանան լավագույն մասնագետները»,- ասաց ատամնաբույժ Արթուր Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Նոր օրենքով սոտմատոլոգիական ոլորտում սահմանվել է արտոնագրային վճար յուրաքանչյուր բազկաթոռի և ատամնատեխնիկական սեղանի համար 80 հազար դրամ:
Ըստ epress.amի` ավելի ուշստոմատոլոգների հավաքը վերածվել է վիճաբանության, որի արդյունքում ներկա մոտ 1000 մասնագետները երկու խմբի են բաժանվել. մի խումբը կողմ է արտահայտվել «քաղաքակիրթ», «իրավական հարթության մեջ» պայքարին՝ կոչ անելով ստիպել կառավարությանը փոխել «Արտոնագրային վճարների մասին» ընդունված օրենքը, իսկ մյուս մասը համոզված է, որ Հայաստանում քաղաքակիրթ պայքարն անիմաստ է, քանի որ իրավական առաջարկներ իշխանությունները չեն կարդում, նրանց նպատակն է ոչնչացնել փոքր բիզնեսը և մենաշնորհ հաստատել, ուստի կոշտ միջոցներ են հարկավոր, մասնավորապես, միասնական գործադուլ: