Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսնակների համար՝ եւս 200 մլն դրամ

Տնտեսություն
159447d453eaa804fdcdf24b014691d7

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում` սկսնակ գործարարների պետական աջակցության ծրագրի դրամագլուխը մեծացնելով 200 մլն դրամով։ Որոշումը թելադրված է այն իրողությամբ, որ սկսնակ գործարարների համար 2012 թ. նախատեսված ֆինանսական աջակցության դրամագլուխը սեպտեմբերի 1-ի դրությամբ ամբողջովին տեղաբաշխվել է, մինչդեռ պահանջարկը մեծ է։ Մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավման միջոցով ակնկալվում է ընդլայնել սկսնակ ՓՄՁ սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունը։


Հակակարկտային համակարգեր

Կառավարությունը որոշել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ի տնօրինության 9 շարժական և 26 ստացիոնար հակակարկտային համակարգերը, 2 ավտոմեքենաներն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Որոշման ընդունման շնորհիվ կբարձրանա հակակարկտային պաշտպանության արդյունավետությունը, կնվազի կարկտահարությունից գյուղատնտեսությանը հասցվող վնասը։


Անհատույց հանձնեցին

Տավուշի և Լոռու համապատասխան տարածաշրջաններում ոռոգման ջրի մատակարարումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ «Դեբեդ-Աղստև-ջրառ» ՓԲԸ գույքի կազմից առանձնացվել են ոռոգման համակարգեր և գույք և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել «Լոռու-ջրանցք», «Ուտիք», «Նոյեմբերյան» և «Գետիկ» ջրօգտագործողների ընկերություններին։ Բացի այդ, վերակազմակերպվել են «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ները։

Հանուն դասական երաժշտության

Կառավարությունը վերաբաշխել է 2012 թ. պետբյուջեն, փոփոխություններ և լրացումներ կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և «Դասական երաժշտության աջակցություն» Հ/Կ-ին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել համապատասխանաբար 100 մլն և 12 մլն դրամ։ Որոշման նպատակն է բարելավել բուհերի ուսանողների կրթական, սոցիալ-տնտեսական վիճակը, հոգևոր-հայրենասիրական և գեղագիտական դաստիարակությունը։