Կիսակառույցները կարող են տրվել այլ սեփականատերերի (տեսանյութ)
Երևան քաղաքի կիսակառույց շինությունների սեփականատերերը 1 ամսվա ընթացքում պատրավոր են Երևանի քաղաքապետարան ներկայացնել իրենց շինարարական, ներդրումային կառուցապատման ծրագրերը:
«Այդ ծրագրերի հիման վրա քաղաքապետարանի հետ պետք է կնքել հստակ պայմանագիր` ժամկետների, օրացուցային գրաֆիկի և շինարարության ավարտի վերաբերյալ»,- այսօր լրագրողներին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը:
Եթե այդ կառույցների սեփականատերերը 1 ամսվա ընթացքում պայմանագրեր չկնքեն, ապա քաղաքապետարանն ինքը կարող է որոշել դրանց հետագա ճակատագիրը: «Մենք միշտ կարող ենք այդ տարածքների նկատմամբ դիմել ՀՀ Կառավարություն և ճանաչել գերակա շահ»,- ասաց գլխավոր ճարտարապետը:
Նարեկ Սարգսյանի նշած շինություններից են «Դվին» և նախկին «Սևան »հյուրանոցները, Երիտասարդական պալատը, Արդարադատության շենքը և մի շարք այլ կառույցներ: Զաքյան փողոցի՝ Արդարադատության հրդեհված շենքի տարածքում կկառուցվեն վարչական շենքեր:
«Թե կառավարությունը ինչ որոշում կկայացնի և որ շենքերն այնտեղ կտեղափոխվեն, կարծում են, որ այս պահին չեմ կարող պատասխանել»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Երևանի գլխավոր ճարտարապետը չբացառեց նաև այն, որ Ադրարադատության շենք կտեղափոխվի ՀՀ արտգործնախարարությունը. «Կարող եմ ասել՝ ինչ վիճակում, որ այժմ գտնվում է արտգործնախարարությունը, բացարձակ անբարենպաստ պայմաններ են իրենց համար»:
Ի դեպ. մամուլը բազմիցս գրել էր ԱԳՆ շենքի հնարավոր վաճառքի մասին՝ իբրեւ գնորդ մատնանշելով մի շարք հյուրանոցային ցանցեր։
Ճարտարապետը խոսեց նաև Հյուսիսային պողոտայում սպասվելիք փոփոխությունների մասին: Նարեկ Սարգսյանի համար բոլորովին էլ կարևոր չի, թե քանի հոգի կբնակվի Հյուսիսային պողոտայի նորակառույց շենքերում: Կարևորն այն փոփոխություններն են, որոնք սպասվում են քաղաքի այդ հատվածում:
«Հյուսիսային պողոտայի ամբողջ վերգետնյա հատվածի ծածկույթը լրիվ կփոխվիև ամբողջությամբ կլինի քարե ծածկույթ, ոչ թե բետոնային, կփոխվի նաև լուսավորությունը, կանաչ գոնիները այսօրվա վիճակի համեմատ կավելանան շուրջ 3 անգամ»,- ասաց գլխավոր ճարտարապետը:
Ինչ վերաբերում է Հանրապետության հրապարակում գմբեթի տեղադրմանը, ապա Երևանի գլխավոր ճարտարապետը նշեց, որ այդ որոշումը դեռևս քննարկման փուլում է: