Ինչո՞ւ էին լռում դատարանի բարձրախոսները
Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արսեն Բաբայանն այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկ և այսօր ամենայն ուշադրությամբ ուսումնասիրեցի «Հարսնաքարի գործի» դատական առաջին նիստում տեղի ունեցած բոլոր այն խնդիրները, որոնք ներկայացվեցին ձեր կողմից: Գրեթե առանց բացառության հրապարակված բոլոր նյութերում և լուրերում դժգոհություններ են հնչեցվել դատական նիստի դահլիճի պայմաններից, որոնք այս կամ այն կերպ բարդարցել են լրագրողների աշխատանքը:
Դժգոհությունները մասնավորապես կապված էին դատավորի և գործի մասնակիցների ձայնը չլսելու հետ:
Այս առումով տեղեկացնում եմ, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճներում տեղադրված բարձրախոսները (միկրոֆոն), որոնք տեսել եք, նախատեսված չեն խոսքը բարձրացնելու համար: Դրանք բացառապես նիստի ձայնագրային արձանագրության համար են, որը կատարվում է համակարգչի միջոցով: Այնուամենայնիվ, նկատի ունենալով դժգոհությունների լուրջ քանակը` գտնում եմ, որ դրանք պետք է ուսումնասիրվեն ամբողջությամբ:
Այս առնչությամբ առաջարկում եմ. բոլոր այն լրագրողներին, որոնք սեպտեմբերի 13-ին մասնակցել են «Հարսնաքարի գործ» դատական առաջին նիստին, և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հետագայում մասնակցել մյուս նիստերին, առաջարկում եմ անցկացնել աշխատանքային քննարկում (առանց փողկապների): Քննարկման ընթացքում միասին վեր կհանենք բոլոր այն տեխնիկական խնդիրները, որոնք որևէ կերպ դժվարացնում են լրագրողների աշխատանքը:
Առաջարկում եմ այստեղ միասին քննարկենք ու որոշենք, թե որ օրն է բոլորիս հարմար հանդիպման համար: Հայցում եմ բոլորիդ ակտիվությունը: Միաժամանակ, սա լավ առիթ է կրկին հանդիպելու և սրճելու համար :) Е:mail [email protected]»