Չորս խումբ հայտնվել են խաղից դուրս (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարանում կպաշտպանի թոշակառուների իրավունքները:
«Վիճարկում եմ այն օրենքը, ըստ որի՝ մարդիկ տարիներ շարունակ ու ունեցել են որոշակի ակնկալիքներ, որ թոշակային տարիքում այսպես կամ այնպես կհաշվարկվի, այսքան թոշակ կստանան կամ այնքան և հիմա իրենց ակնկալիքներում իրենք խաբված են»,- «Ա1+»-ին ասաց նա։
2011թ. Կենսաթոշակառուների մասին օրենքում կատարված փոփոխությունները հետադարձ ուժ են ստացել: Այսինքն, թոշակառուների պայմանները վատթարացել են, -ասում է մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ Կարեն Անդրեասյանի՝ փոփոխություններն ազդել են կենսաթոշակառուների 4 խմբի վրա:
«Առաջինը՝ ծանր պայմաններում աշխատող մարդիկ էին, ում համար թոշակը հաշվարկվում էր 1.5 անգամով, հիմա հաշվարկվելու է մեկ անգամով: 2-րդ խումբը մարդիկ են, ովքեր ինչ-ինչ պատճառներով իրենց թոշակը չէին ստանում, դադարեցվել էր, ասենք Հայաստանում չեն եղել, կամ տեղեկանքներ չէին տարել և երբ որ գալիս և վերականգնում էին իրենց թոշակը տրվում էիր երեք տարվա թոշակը, հիմա տրվում է մեկ տարվա թոշակը»,- բացատրեց նա։
Տուժած երրորդ խմբին պատկանում են այն ուսանողները, որոնք նախկինում ուսում են ստացել 6 տարուց ավելի. «Ասենք բժշկականի ուսանողները, որոնք սովորում են 6 տարուց ավել»։
Օրենսդրական փոփոխությունից տուժել են նաեւ մեկից ավելի վայրում աշխատող քաղաքացիները։
Պարոն Անդրեասյանը Սահմանդրական դատարան դիմել է բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո: Օրենսդրական փոփոխությունից հետո բազմաթիվ դիմում բողոքներ է ստացել նաեւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը :
«Կա օրենք ընդունված օրենք, որը որևէ կերպ չի առընչվում իրավունքների սահմանափակմանը»,- հայտարարեց նա։