Ինչպե՞ս կանխել ինքնասպանությունը
Այսօր ինքնասպանությունների կանխման միջազգային օրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում տարեկան մոտ 900.000 մարդ ինքնասպանություն է գործում: Փորձագետները հավաստիացնում են ՝ ինքնասպանությունների հիմնական պատճառները աղքատությունը, գործազրկությունը և ընտանեկան գժտություններն են:
Հոգեբան Սամվել Խուդոյանը նշում է՝ ավելի հաճախ ինքնասպանության են դիմում երիտասարդները եւ հետթոշակային տարիքի մարդիկ. «Ցանկացած տարիքային խմբում ինքնասպանները գտնվում են խորը դեպրեսիայում, որի առաջացման պատճառները տարբեր են »:
Ըստ հոգեբանի՝ ինքնասպանության կանխարգելման լավագույն միջոցը հոգեբանին եւ հոգեւորականության ներկայացուցչին դիմելն է ։
Իսկ Բաբկեն քահանա Հայրապետյանը իր հերթին ավելացնում է՝ ինքնասպանությունը Աստծուց առանձնանալու հետևանք է, երբ մարդն իր մեջ սպանում է Աստծուն. « Այդ քայլով մարդը սպանում է նաև իր հոգին»։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացնում է՝ այս խնդիրը բանակում ավելի բարվոք վիճակում է. «Այս տարի բանակում ինքնասպանությունների քանակի տոկոսային աճ չունենք։ Ամբողջ աշխարհում ինքնասպանությունների ցուցանիշները մեծացել է, իսկ բանակում իրականացվող միջոցառումների շնորհիվ ցուցանիշը կանգնեցվում է, և լինում են նաև տարիներ,երբ նվազման միտում է նկատվում»։
ՊՆ մամուլի խոսնակը նշում է՝ բանակում ինքնասպանության դեպքերը կանխարգելելու համար իրականացվող միջոցառումները ավելի շատ են քան քաղաքացիական այլ կառույցներում։
«Բացի սերժանտից սկսած մինչև գնդի հրամանատարի հետ անձնական զրույցները, աշխատում են նաև հոգեբաններ, հոգևորականներ, արվեստագետններ, զորամաս եկած հյուրերը։ Կազմակերպվում են նաև ֆիլմի դիտումներ», - նշում է Արծրուն Հովհաննիսյանը ։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2005-2011 թթ. զինված ուժերում գրանցվել է մահացության 325 դեպք, որից միայն 38-ն են եղել հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:
2011 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 39 հոգի, որից 10-ը կազմում են ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը։