Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիկնիկները` հանուն խաղաղության

Հասարակություն
8172f7cda1574239ee5906ed02ce22a0

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», արդեն 7-րդ տարին է, ինչ Թումանյանի ծննդավայրում `Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը:

Այս տարի «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը հյուրընկալելու է թատրոններ, դերասաններ, տիկնիկավարներ ու տիկնիկագործներ Հունգարիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Դանիայից, Իրանից: Փառատոնին մասնակցելու է նաև Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Դադի Փուդումջին` Հնդկաստանից:

Հայաստան իր այցի օրերին Դադի Փուդումջին Հայաստանի մշակույթի նախարարի հետ քննարկելու է այս տարի Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության XXI համաժողովի ժամանակ Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված և համաժողովի հավանությանն արժանացած նոր առաջարկ-նախաձեռնությունը` «Տիկնիկները հանուն խաղաղության Միջերկրականի ավազանի և արաբական աշխարհի երկրներում» ծրագիրը:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին, Դսեղի կենտրոնական հրապարակում, հայ մեծանուն գրողի տուն-թանգարանի և հուշարձանի հարևանությամբ:

Փառատոնի բացման արարողությունից հետո կմեկնարկի բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբությունը, այնուհետև կսկսվեն առաջին ներկայացումները: Առաջին անգամ փառատոնի ծրագրում ընդգրկված ներկայացումները կցուցադրվեն Լոռու մարզի տարբեր քաղաքներում, գյուղերում ու ավաններում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին և նրանց կողմից տրված ներկայացումներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր: Փառատոնի օրերին կտրվեն տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, կգործեն տիկնիկների ցուցահանդեսներ, ամենօրյա երեկոյան ակումբներ, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր: