Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ գրություն՝ Նալբանդյանի նկարի տակ

Հասարակություն
cdd241bd5fa500bd4af23f1560d05e90

ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներն այսօր առավոտյան 10:30-ից նախագահական նստավայրի առջև էին: ՀՅԴ-ականների պահանջում են ստիպել ՆԱՏՕ-ին պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի և Ադրբեջանի նկատմամբ:

«Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Եվ ՆԱՏՕ-ն իր անդամ երկրից պետք է բացատրություն պահանջի իր քայլերի համար: Իսկ Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ն հանագործակցում է: Նրանից պահանջում ենք դադարեցնել այդ հանագործակցությունը»,- ասաց ՀՅԴ երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը:

Նախքան Սերժ Սարգսյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ժամանումը երիտասարդ դաշնակցականներն արդեն իսկ սկսել էին իրենց բողոքի ակցիան:

Ցույցը պետք է տեղի ունենար դեռ երեկ, սակայն գլխավոր քարտուղարի այցի հետաձգման պատճառով, հետաձգվել էր նաև ցույցը: Այսօր նախագահականի առջև երիտասարդները պաստառներ էին պարզել հետևյալ գրություններով` «Քնած դիվանագետը դիրքում քնած զինվորից էլ վատ է»`այս գրությունը գրված էր ՀՀ ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանի նկարի վրա: Պաստառներից շատերն էլ քննադատում էին Հունգարիայի և Ադրբեջանի քայլերը:

«ՆԱՏՕ-ից պահանջում ենք համագործակցություն դադարեցում Ադրբեջանի հետ: ՆԱՏՕ-ին պահանջներ ենք ներկայացնում այն բանի համար, որ նա գլխավոր պատասխանատուներից մեկն է. ՆԱՏՕ-ի կուրսանտը սպանել է ՆԱՏՕ-ի մյուս կուրսանտին»,- ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Արմեն Մկրտչյանը:

Սերժ Սարգսյաի և գլխավոր քարտուղարի` նախագահական նստավայր ժամանելու պահին ՀՅԴ երիտասարդները վանկարկումներ սկսեցին և փորձեցին ճեղքել ոստիկանների պատնեշը: Նրանց չհաջողվեց հասնել պաշտոնյաներին, սակայն բարձրախոսով ընթերցեցին իրենց հայտարարությունը։

«Քանի դեռ ՆԱՏՕ-ն չի արտահայտել իր կոշտ դիրքորոշումը Հունգարիայի և Ադրբեջանի նկատմամբ և չի դադարեցրել Ադրբեջանի հետ ՆԱՏՕ անհատական գործընկերությունների գործողությունների ծրագիրը, չի պահանջում ոճրագործի պատժի ամբողջական իրականացում, ՆԱՏՕ-ն դառնում է այս հանցավոր գործարքի մեղսակիցը»,- ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ, որն ընթերցեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Արթուր Ղազարյանը:

Դաշնակցականներն իրենց բողոքի ցույցն ավարտեցին հայրենասիրական - ազատագրական երգեր հնչեցնելով։