Սատկած առնետ՝ ընդդեմ իրավապաշտպանության
Այսօր առավոտյան Նալբանդյան 116 հասցեում գտնվող «Հանրապետություն» գրասենյակի դիմաց անհայտ անձինք սատկած առնետ են նետել։ Կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը չի բացառում, որ դեպքը կապված է իր իրավապաշտպան գործունեության հետ։ Ըստ նրա, սա արդեն 3-րդ դեպքն է, երբ կուսակցության գրասենյակի դիմաց սատկած կենդանի է նետվում։
Առաջին անգամ անհայտ անձինք նետել են սատկած կատու, Զեյնալյանի հիշելով՝ 2004 կամ 2005 թվականին։
Գրասենյակը գտնվում էր Սարյանի արձանի հարակից տարածքում։ Երկրորդ անգամ 2008-ին, երբ կուսակցության գրասենյակն արդեն գտնվում էր Թումանյան փողոցում, նետել են սատկած առնետ։ Պարոն Զեյնալյանը հակված է այս դեպքերը կապել ոչ թե կուսակցության քաղաքական գործունեության, այլ իր իրավապաշտպան գործունեության հետ, որը ոմանց չի գոհացնում։
Պարոն Զեյնալյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իր իրավապաշտպան գործունեությունը նա իրականացնում է հենց կուսակցության գրասենյակում։