Վրաերթ՝ռեստորանի դիմաց
Ոստիկանության ամփոփագրից
Սեպտեմբերի 6-ին, ժամը 01.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում` «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Բացահայտ հափշտակել է բջջային հեռախոս
Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել մի կին և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Մ. Հերացու փողոցում գտնվող դպրոցի դիմաց անհայտ անձը իր 17-ամյա դստեր ձեռքից հափշտակել է «Սամսունգ Ց-330» տիպի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներից մեկը:
Հափշտակվածն առգրավված է:
Տղան հանձնվել է ծնողներին:
Կատարվում է հետաքննություն:
Զանգահարելու պատրվակով
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 18-ամյա մի երիտասարդ և հաղորդում տվել, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Խաղաղության օղակում գտնվող սրճարանում իր ծանոթ Արան զանգահարելու պատրվակով վերցրել է իր «ՄՏՍ ՏՕՍՄ 552» տիպի բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արան 1979 թ. ծնված, նախկինում դատված Արա Ս.-ն է:
Արա Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Երեխային տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել բաժին
Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց E280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 177 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, ապա իր ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` այլ ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց ու մեղայականով ներկայացել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Հետախուզվողները հայտնաբերվեցին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, իր տան մոտից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արման Հ.-ն, որը ս/թ օգոստոսի 8-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հարավային ադմինիստրատիվ շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողութան մեղադրանքով:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 08.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սվետլանա Շ.-ին, որը 2002 թ. մարտի 4-ից հետախուզվում էր պաշտոնեական կեղծիքի և ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու մեղադրանքով:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 08.50-ին, Ջանֆիդա գյուղից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Մուշեղ Պ.-ին, որը ս/թ օգոստոսի 22-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 21.15-ին, Երևան քաղաքի Պռոշյան փողոցից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Իգոր Գ.-ին, որը ս/թ օգոստոսի 27-ից հետախուզվում էր ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Աշոտ Թ.-ն, որը ս/թ հունիսի 6-ից ՌԴ Մոսկվայի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: