Քաղաքապետը մաքուր բեռնատարներ է ուզում
Մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող ընկերությունները պարտավոր են պահպանել անհրաժետ նորմերն ու շինհրապարկներից դուրս եկող բեռնատար մեքենաների պահանջվող մաքրության ապահովումը: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետևել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված չափորոշիչների պահպանման պարտավորության ապահովմանը: Այս մասին հայտնում է Քաղաքապետարանի մամլո ծառայությունը։
Սեպտեմբերից դպրոցներում և ԲՈՒՀ-երում դասերի վերսկսման հետ կապված մայրաքաղաքում կանոնակարգված երթևեկություն ապահովելու նպատակով, հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ և կանգառներում բացառել կուտակումները: /Ի դեպ, այսօր Երեւանում խցանումներ էին/։
Քաղաքապետի կողմից խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրվել նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման և որակի ապահովման ուղղությամբ մշտական հսկողություն սահմանելու նպատակով:
Զեկուցվել է, որ բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում հայտարարությունների և բազմաթիվ այլ պաստառների զետեղումը բացառելու նպատակով, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի որոշակի հատվածներում արդեն տեղադրվել է հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների առաջին խմբաքանակը:
Մայրաքաղաքի շինբարեկարգման գծով տարեկան ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ` ընթացքի մեջ է նաև մայրաքաղաքի փողոցների մաշված բետոնային և բազալտե եզրաքարերը նորերով փոխարինելու գործընթացը:
Անդրադառնալով քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին, զեկուցվել է, որ նախատեսված 1083 շքամուտքերից արդեն վերանորոգվել են 986-ը: Կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով պարբերաբար կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:
Խորհրդակցության ընթացքում համապատասխան կառույցներին հանձնարարվել է նաև ուժեղացնել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում կրծողների դեմ պայքարը:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։