Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նամակ բանտից

Հասարակություն
a4e9ab59fe42ff4e221458c579542be7

Կալանավայրում գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը նամակ է տարածել,ո րը վերաբերում էր «Հարսնաքար»-ում դաժան ծեծկռտուքի արդյունքում զոհված Վահե Ավետյանի քրեական գործի եւ այս ենթատեքստում իշխանությունների հակաօրինական քայլերին։
Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Քնած էի: Խցակիցներիս կատակով զգուշացրել էի, որ ինձ արթնացնեն միայն հրատապ տեղի ունեցող իրադարձության ժամանակ, ասենք՝ կալանքս՝ որպես խափանման միջոց, փոխելու դեպքում... Խցակիցս իրեն թույլ տվեց խախտել պայմանը և արթնացնելուց հետո ուշադրությունս հրավիրել հեռուստացույցին: Ցուցադրվում էր Բաղրամյան 26-ի դահիճներից մեկը, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում էր 2011-2012 ուս. տարվա շրջանավարտներին:
Սերժ Սարգսյանն իր խոսքում ասաց, որ վատ միջոցներով հնարավոր չէ հասնել լավ նպատակի եւ կարծես իր խրատական խոսքին օրինակ բերեց՝ «Անօրինականությամբ անհնար է հաստատել օրինականություն»: Համամիտ եմ արտահայտված մտքի յուրաքանչյուր բառի հետ: Հիմա հարց է առաջանում՝ Վահե Ավետյանի մահվան փաստով հարուցված քր.գործում առկա թերությունները, անհրաժեշտ, բայց չկատարված քննչական գործողությունները, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը միջադեպին, չստուգելու փաստն ի՞նչ բարոյական նպատակ է հետապնդում: Ի՞նչ բարոյական միջոցներ են օգտագործվում կոնկրետ այս դեպքում: Վահեի բալիկներին հայրիկի սպանության իրական հանգամանքներն իմանալու հնարավորություն տալու նպատակ կա՞:
Հարցեր շատ ունեմ: Չեմ ուզում ընթերցողին ծանրաբեռնել: Բայց ի՞նչ նպատակ են հետապնդում կեղծված ընտրություններով սեփական ժողովրդի վրա կրակած իշխանությունները ժողովրդավարությունից խոսելիս: Ինձ մոտ շատ հստակ կարծիք է ձեւավորվել՝ ՀՀ ներկայիս իշխանությունները մի դեպքում են իրենց թիմակիցների անօրինական ու հանցավոր արարքներին իրական գնահատական տալիս՝ միայն երբ հանցավոր թիմակիցը հակադրվում է իր հովանավորներին: Այսօրվա Գյումրին՝ որպես լավագույն օրինակ:

Տիգրան Առաքելյան
29.08.2012թ.»:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ Տիգրան Առաքելյանին դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Նրանք մեղադրվում են 2011թ օգոստոսի 9-ին խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։