Բնակարաններ` մանկատան շրջանավարտներին
Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի վերանորոգված եւ վերակառուցված 4 բնակելի շենքերում կառավարության որոշմամբ արդեն սեպտեմբերին 59 բնակարաններ կհատկացվեն մանկատան 27 շրջանավարտի, ինչպես նաեւ` բնակարանի կարիք ունեցող 32 սոցիալապես անապահով անձանց:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ավելացնելով, որ պետության սոցիալական բնակարանային ֆոնդի գումարներով կլուծվեն նաեւ շենքերի հարակից տարածքների բարեկարգման խնդիրները:
Այդ նպատակով կառավարությունն այսօր որոշեց 15 մլն դրամ տրամադրել ՀՀ Քաղաքաշինության նախարարությանը։ Ի դեպ, այդ շենքերի կառուցումն ավարտվել էր դեռ գարնանը, սակայն հարակից տարածքների անբարեկարգ լինելու պատճառով դեռեւս բնակեցված չեն:
Արտեմ Ասատրյանը նշեց նաեւ, որ նախարարությունում հաշվառված են մանկատան` առանց ծնողական խնամքի շուրջ 300 շրջանավարտ, որոնք ունեն բնակարանի կարիք եւ նրանց այդ խնդրի լուծումը կառավարության պարտավորությունն է: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ Թբիլիսյան խճուղում ձեւավորվող սոցիալական բնակարանային ֆոնդը եւս 80 ընտանիքի կապահովի բնակարանով: