Չեն գտել փուչիկների գործով ամբաստանյալին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում «Փուչիկների» գործով դատավարությունն այսօր հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 14-ը։ Գործով ամբաստանյալը՝ փուչիկները լիցքավորած անձը` Սերոբ Բոզոյանը չէր ներկայացել դատարան։ Սերոբ Բոզոյանին, որի նկատմամբ խափանման միջոցը հանրապետությունից ստորագրությունից չբացակայելն էր, դատական կատարածուները չեն գտել՝ ծանուցագիր ներկայացնելու համար։ Նա չի բնակվել այն հասցեում, որը նշված է եղել։
Դատարան ներկայացել էին 228 տուժողներից 79-ը, որոնք հրաժարվում էին խոսել, սակայն նշում էին, որ մեղավորը չի կարող մեկը լինել։
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի եւ հրդեհի առիթով հարուցվել էր քրեական գործ։
Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Հրդեհի հետեւանքով զանգվաային միջոցառման մասնակիցները ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ եւ մարմնական վնասվածքներ։ Այսօր դատարան ներկայացածծ տուժողներից շատերը ձեռնոցներով էին։