Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծահասակները գնում են երաժշտական դպրոց

Հասարակություն
6dde15ceb57f7d60c3c76e55025231cf

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի դասարանի դիմորդներն ավելացել են։

Ըստ դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանի՝ սովորելու ցանկություն են հայտնում նաև արդեն կայացած, մասնագիտական ասպարեզում հաստատված մարդիկ։ Ներկայիս դրությամբ՝ կիթառի դասարանն ունի 30 սկսնակ աշակերտներ։

Տնօրենի հավաստմամբ՝ նրանք, ովքեր փոքր տարիքում ծեծի սպառնալիքով անգամ երաժշտական դպրոց չէին հաճախում, հիմա իրենց ոտքով են գալիս։ «Երաժշտական կրթությունը մարդկանց ավելի գրագետ է դարձնում, հոգեպես հարստացնում։ Վերջիվերջո, որևէ գործիքի տիրապետելը հավասարազոր է օտար լեզու իմանալուն»,-նշեց Մարինա Վարդանյանը։

Նրանց համար, ովքեր 18-ից բարձր տարիքում են փորձում լրացնել երաժշտական կրթության բացը, դպրոցը գեղարվեստական բաժին է բացել։

Ըստ տնօրենի՝ մեծացել է հետաքրքրությունը նաև ժողովրդական գործիքների նկատմամբ. սա է վկայում աշակերտների թվի ավելացումը դպրոցի ժողովրդական գործիքների դասարաններում, ինչպես՝ քանոն, շվի, ուդ, դուդուկ։

Իսկ ահա ջութակը երաժշտական այն գործիքների շարքում է, որ իրենց բարդությամբ աշակերտներին չի գրավում։ Այս դասարանն ընդամենը երկու դիմորդ ունի, թեև վարձը այնքան բարձր չո՝ 6000 դրամ։

Եթե Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում ընդունվողների թիվը դեռ վերջնական չէ (ներկայումս ընդամենը 137 դիմում ունեն), նույն շենքում գործող Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցում հունիս ամսին ընթացող ընդունելությունն ավարտված է (130 աշակերտ)։

Օպերային կադրեր պատրաստող այս դպրոցի սաները տնօրեն Հասմիկ Սաֆրազբեկյանի հավաստմամբ սովորելու տարիներին արդեն մասնակցում են տարբեր համերգների՝ գալա- համերգներ, «Կարմեն» օպերայի բեմադրություն և այլն։