Նախարարը դեսպանի միջոցով հրավեր փոխանցեց
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային։ Հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։
Ողջունելով դեսպանին, Դերենիկ Դումանյանը նշեց, որ երկու երկրի առողջապահության նախարարությունների համագործակցությունը երկար պատմություն ունի։
Դեռևս 1998 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Արգենտինայի Հանրապետության առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով պետք է շատ ոլորտներում փոխգործակցություն ծավալվեր։
Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան ընդգծեց, որ անցած կարճ ժամանակաընթացքում ինքն ուսումնասիրում է այն ոլորտները, որտեղ Հայաստանն ու Արգենտինան կարող են համագործակցել։ Իսկ առողջապահության ոլորտում բավական լուրջ հիմքեր կան սկիզբ դրված համագործակցությունը խորացնելու համար։ Նա պատրաստակամություն հայտնեց երկու նախարարության միջև կապ հանդիսանալ՝ բոլոր համատեղ ծրագրերի իրականացման գործում։
Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, որ առողջապահության ոլորտում բազմաթիվ ուղղություններով համակգործակցության հնարավորություններ կան։ Եվ այդ ծրագրերում ակտիվորեն կարող են ընդգրկվել նաև արգենտինահայ բժիշկները, որոնց հետ Հայաստանի գործընկերներն արդեն աշխատում են հայ բժիշկների պարբերաբար կազմակերպվող միջազգային համագումարների շրջանակներում։
Նախարարը դեսպանի միջոցով Արգենտինայի Հանրապետության առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին հրավիրեց Երևան՝ փոխշահավետ համագործակցության ծրագրերը միասին քննարկելու նպատակով։ Դեսպանը խոստացավ փոխանցել հրավերը և իր հերթին հույս հայտնեց, որ այս հանդիպումը առողջապահության ոլորտում հայ-արգենտինական արդյունավետ փոխգործակցության խորացման սկիզբը կդնի։