Դատարանը կհարցաքննի քննիչին
Այսօր' օգոստոսի 28-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը տուժող կողմի միջնորդությամբ կհարցաքննի Արտակ Նազարյանի մահվան գործով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Լեւոն Պետրոսյանին:
Տուժող կողմը միջնորդություն էր ներկայացրել հարցաքննել նաեւ ՀՀ ՊՆ ՔԾ Իջեւանի կայազորի քննիչներ Սարգիս Մադաթյանին եւ Հայկ Մարգարյանին, սակայն դատարանը բավարարել էր միջնորդությունը միայն Լ. Պետրոսյանի մասով: Վերջինս գործի քննությունը ստանձնել է դեպքից մոտ մեկ ամիս հետո: Քննիչներն, ըստ տուժող կողմի, գործը քննել են կախակալ՝ «ինքնասպանության հասցնելու» վարկածով, փորձել են թաքցնել սպանության ապացույցները, բռնությամբ եւ ճնշումներով կեղծ ցուցմունքներ են կորզել վկաներից, փչացրել են իրեղեն ապացույցներ:
Դատարանն այս պահին քննարկում է դատավարության նախորդ փուլերում հետաձգված միջնորդությունները: Այնուհետեւ տուժող կողմը կշարունակի ներկայացնել միջնորդություններ: Նրան կհաջորդի պաշտպանական կողմը: Մեղադրող կողմը հրաժարվել է միջնորդություններ ներկայացնել:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ, իսկ տուժող կողմը վիճարկում է ինքնասպանության վարկածը՝ տեղի ունեցածը համարելով դիտավորյալ սպանություն: