«Արմավիան» ստիպել է «կթու կով» զգալ
Թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» պարբերականի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիյանն այսօր նոր հասել է Ստամբուլ։ Մինչդեռ օգոստոսի 6-ին Երեւան ժամանած լրագրողի վերադարձի տոմսը թվագրված էր օգոստոսի 22։
«Արմավիա» ընկերության կողմից օգոստոսի 22-ի Երեւան- Ստամբուլ թռիչքի չեղյալ հայտարարելու պատճառով Վերջիհանը ստիպված է եղել Հայաստանում հինգ օր չնախատեսված ծախսեր անել, վճարել հյուրանոցի, սննդի եւ տրանսպորտի համար։
«Արմավիան» փոխհատուցում չի տրամադրել։ Լրագրողն ասում է, որ չի էլ փորձել գումարային փոխհատուցում պահանջել, միայն մեկ պաշտոնական տեղեկանք է խնդրել՝ աշխատավայր ներկայացնելու համար, թե ինչու է ինքը հինգ օր ուշացել։ Այն այդպես էլ ոչ ոք չի տրամադրել։
Ի դեպ, Վերջիհանն այդպես էլ չէր տեղեկանա, որ չվերթը չեղյալ է հայտարարարվել, եթե ինքը օգոստոսի 21-ին չզանգահարեր ավիաընկերություն՝ ճշտելու համար թռիչքի ժամային փոփոխություն եղել է արդյո՞ք։
Չվերթի չեղյալ հայտարարելու լուրից անհանգստացած` նա զանգահարել է Ստամբուլ, «Թրավել տուրիզմ» գործակալություն, որտեղից գնել է տոմսը։ Այնտեղից էլ ասել են, թե էլեկտրոնային նամակ են ուղարկել,ինչն Վերջիհանը այդպես էլ չի ստացել։
Վերջիհանն նաեւ մեկ այլ դրվագ է ներկայացնում «Արմավիայի» հետ կապված։ Ընկերության ներկայացուցիչները քսան կիլոգրամից ավելի ուղեբեռի հավելյալ յուրաքանչյուր կգ-ի համար մինչեւ 50-60 դոլար են ուզել։ Երբ լրագրողը հետաքրքրվել է՝ ինչու այդքան շատ, պատասխանը եղել է. «Ստամբուլից ես գալիս»։
Հայաստանյան այս արձակուրդի ընթացքում Վերջիհանը, իր բառերով, ուրիշ արկածներ էլ է ունեցել։ Մասնավորապես, երբ ցերեկը՝ ժամը 14-ի սահմաներում այցելել է Թումանյան փողոցի «Ակումբ» սրճարան, իրեն թույլ չեն տվել մտնել՝ ասելով, որ հագուստը չի համապատասխանում ընդունված կարգին։
Զբոսաշրջիկ լրագրողը զարմացել է, թե այդ ժամին մի՞թե ինքը պետք է երեկոյան զգեստով լիներ։ Սրճարանի տիրոջը կեսլուրջ-կեսկատակ հարցրել է, արդյո՞ք իր հետ այնպես են վարվելու, ինչպես բժիշկ Վահե Ավետյանի հետ «Հարսնաքարում»։
Վերջիհանը նաեւ զարմացել է, երբ ներգնա տուրիզմ իրականացնող մի ընկերության հետ գնացել է Կարմրավոր վանք։ Նա պատմում է, որ զբոսաշրջիկ կանանցից մեկը ճակատը հարվածել է վանքի դռանը, վերք է բացվել, սակայն նրան ընկերությունը որեւէ օգնություն չի ցուցաբերել. դեղամիջոց չի ունեցել։
«Հայաստանի հանդեպ սիրո համար սփյուռքահայերին միշտ պետք է « կթու կովի» նման կթե՞ն»,- ցավով հարցնում է պոլսահայ լրագրողը ու շարունակում, որ այն գումարով,որը ծախսել է Հայաստանում, կարող էր ցանկացած երկրում անցկացնել արձակուրդը՝ առանց նյարդեր փչացնելու։ Սակայն արդեն վեց տարի է գալիս է, քանի որ «Հայաստանի սերը դաժանորեն կանչում է»:
«Սակայն չեմ ուզում այստեղ երկրորդական զգալ, սա նաեւ իմ հայրենիքն է, ինչպես Ձերը»,- ասում է Վերջիհանը «Ա1+»-ի հետ զրույցում: