Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնօրեններին հրավիրել էին հանրային խորհուրդ

Հասարակություն
da38f878f2ee78b7a30aecdfd4942cfc

Այսօր՝՝ հուլիսի 31-ին, Հանրային խորհրդում կրկին քննարկման դրվեց
հեռուստաեթերի հարցը: Այս անգամ քննարկմանը հրավիրված էին
հեռուստաընկերությունների ղեկավարները: Մասնակցում էին Հանրային, «Շանթ», «Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Ար», «Երևան» և «Դար 21» հեռուստաընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ ներկայացրեց վերջին մեկ ամսվա
ընթացքում Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ իրականացված
քննարկումներն ու հնչած առաջարկները, ապա հեռուստաընկերությունների
ներկայացուցիչներն իրենց տեսակետներն արտահայտեցին՝ ընդհանուր առմամբ
ընդունելով հեռուստաեթերի կարգավորման անհրաժեշտությունը:

Բարձրացվեցին հեռուստատեսության բովանդակության, օրենսդրության և գովազդի ոլորտներում առկա մի շարք խնդիրներ: Մասնավոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները բարձրացրեցին հավասար մրցակցային դաշտ ունենալու հարցը:

Ընդգծվեցին Հանրային հեռուստաընկերության կողմից հանրության առջև
ունեցած պատասխանատվությունն ու պարտականությունները: Կարևորվեց Հանրային հեռուստաընկերության եթերում կրթադաստիարակչական բովանդակությամբ սոցիալական գովազդներ հեռարձակելու անհրաժեշտությունը: Առաջարկվեց նաև կիրառել պետպատվերի գաղափարը, որը կարող է տարածվել ոչ միայն Հանրային, այլև մասնավոր հեռուստաընկերությունների վրա: Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն առաջարկվեց Հանրային հեռուստաընկերության և Հանրային խորհրդի միջև ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հ1-ում եթերային բարեփոխումներ իրականացնելու գործով:

Հեռուստաընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն ձեռք
բերվեց ևս մի քանի նմանատիպ հանդիպում-քննարկումներ անցկացնել, որոնց
արդյունքները Հանրային խորհրդում անցկացված և անցկացվելիք հանրային այլ
քննարկումների արդյունքների հետ միասին սեպտեմբեր ամսին հստակ
առաջարկների տեսքով կներկայացվեն Հանրապետության Նախագահին:

Այս մասին հայտնում է Հանրային խորհուրդը։