Հոգեորսությունը օրենքով կարգելվի
Թեև ըստ Խղճի և կրոնական ազատության մասին օրենքի՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դավանել այն կրոնը, որ ինքը կցանկանա, ՀՀ արդարադատության աշխատակազմի հասարակական միավորումների գրանցման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը իր երեխային չէր թողնի կրոնական այլ կազմակերպությանը հարել։
Խղճի և կրոնական ազատության մասին օրենքի նոր նախագիծը հինգշաբթի կքննարկվի Կառավարությունում, որտեղ հաստատվելուց հետո էլ քննարկման կդրվի Ազգային ժողովում։
Նոր նախագիծը կրոնական կազմակերպությունների իրավունքներն ու պարտականություններն է սահմանում, որոնք խախտելու դեպքում կազմակերպությունը կտուգանվի մինչև 400 հազար դրամով։ Պատիժը կարող է լինել նաև լուծարումը։ Ըստ նոր նախագծի՝ օրենքի խախտում է համարվում նաև հոգեորսությունը, օտարերկրացիների կողմից կրոնական խմբավորման գործունեության հովանավորումը։
«Եթե կոնկրետ կրոնական կազմակերպությունը մեկ անգամից ավելի է մոտենում նույն անձին, լինի դա տանը թե դրսում, սա դիտարկվում է իբրև պարտականությունների խախտում և օրենքով պատժելի է»,- ասաց Էդիկ Մարգարյանը։
Կրոնական կազմակերպությունների պարտականություների մեջ է մտնում նաև ամենամյա հաշվետվության ներկայացումը՝ հրապարակելով այն կայքում կամ տվյալները լիազորված մարմնին տրամադրելով։
Խղճի և կրոնական ազատության մասին օրենքի նոր նախագիծը հնարավորություն է տալիս 25 անդամ ունեցող կրոնական խմբերին անգամ գրանցել իբրև կրոնական կազմակերպություն։ Ի դեպ, ըստ ներկայիս գործող օրենքի, խումբը համարվում է կրոնական կազմակերպություն 200 անդամ ունենալու դեպքում միայն։
Եթե կրոնական խմբավորման և հաստատվելիք օրենքի պարտականությունների և իրավունքների միջև անահամաձայնություն լինի, նոր նախագիծը ենթադրում է փոխհամաձայնության հաստատում։
ՀՀ Կառավարության կրոնի վարչության պետ Վարդան Ասցատրյանը, շեշտելով նման քաղաքականության վտանգը (խմբավորումները կարող են շատանալ), նշում է. «Սա ենթադրում է փոքր կրոնական խմբերի բացահայտում»։
Ի դեպ, Կրոնի վարչության պետը շեշտեց նաև մեկ այլ բացթողում օրենքի նախագծում. կրոնական կազմակերպություն գրանցվելու համար դիմած խմբերի գործունեությունը փորձաքննության չի ենթարկվում. «Եթե այսօր սատանայապաշտները մեզ դիմեն, ստիպված ենք նրանց ընդունել»։