Առայժմ ՀՀ-ում ինտերնետի վերահսկողություն չի լինի
Այսօր ՌԴ-ում ուժի մեջ է մտել «Երեխաների առողջությանն ու զարգացմանը վտանգող ինֆորմացիայից պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Օրենդրական փոփոխության արդյունքում որոշ ինտերնետային էջեր կհայտնվեն սեւ ցուցակում։ Օրենքը արտադատարանական կարգով, որոշ պաշտոնյաների որոշմամբ, կայքերի ռեեստրից որոշ ինտերնետ էջերի արգելափակման հնարավորություն է տալիս։
Շատ իրավապաշտպաններ եւ մեդիա դաշտի ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ այս օրենքը կդառնա Կրեմլին ոչ հաճո կայքէջերը ճնշելու գործիք, քանի որ օրենքում հստակություն չկա, թե որն է հատկապես երեխայի առողջությանն ու զարգացմանը խոչընդոտող տեղեկատվությունը։
Այս պահին ՀՀ-ում չկա ինտերնետի գործունեությունը սահմանափակող օրենք։ Իսկ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նման օրենսդրական նախաձեռնություն այսօր շրջանառության մեջ չկա։ Բայց նախկինում «Ա1+»-ին Դավթյանը տեղեկացրել էր, որ նպատակ ունեն հեղինակելու նման օրինագիծ։
Այսօր սակայն Արտակ Դավթյանը պարզաբանեց, որ իրենց մտահոգում է տեղեկատվական անվտանգության հարցը եւ պոռնոգրաֆիա կամ բռնություն քարոզող կայքերի խնդիրը, թեեւ դա էլ կարգավորվում է «Քրեական օրենսգրքով»։
Այնուամենայնիվ, «Մենք ուզում ենք բացառել նման սայթերի մատչելիությունը երեխաների եւ դեռահասների համար, բայց մտավախություն ունենք, որ կարող է բախվենք տեղեկատվության ազատության դրույթների խախտման հետ։ Սա շատ նուրբ հարց է, տեսնենք Ռուսաստանում ինչ արձագանք է ունենում օրենքի կիրառումը, դրանից հետո կորոշենք ՝ ինչ անել»։