Արծրունին դիմել է Վերաքննիչ դատարան
«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու պաշտպան Նարինե Ռշտունին դիմել է Վերաքննիչ դատարան։
Պաշտպանը բողոքարկում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 12-ի վճիռը, որով Արծրունու պատժաչափը՝ ցմահ ազատազրկումը, մնաց նույնը։
Պաշտպանը կարծում է, որ Արսեն Արծրունին պետք է ազատ արձակվի, քանի որ 2011 թ. մայիսին «Քրեական օրենսգրքում» կատարված փոփոխությունից հետո հանվել է հոդվածի այն կետը, որով Արծրունին դատապարտվել էր։
Նա շեշտում է, որ գործողությունները վերաորակավորելու անհրաժեշտություն է առաջացել, եւ մահապատիժը պետք է փոխարինվի 12 տարի ազատազրկման եւ իր պաշտպանյալը պետք է ազատ արձակվի։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Նարինե Ռշտունին, Արծրունին դիմում է գրել, որ անձամբ մասնակցի Վերաքննիչ դատարանում անցկացվող դատավարությանը, սակայն սովորաբար դատավարությունն անցկացվում է առանց ցմահ ազատազրկվածի։
Պաշտպանը հույս ունի, որ մի օր մեր դատարանները արդարացի որոշում կկայացնեն։
Նարինե Ռշտունին նաեւ տեղեկացրեց, որ բացասական վճռի դեպքում, ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմեն Եվրոպական դատարան։
«Արսեն Արծրունին անձամբ մարդ չի սպանել, դատապարտվել է երկու տարբեր սպանություններ հրահրելու համար»,- հայտնեց նա։