Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեռական բռնությունները առաջին տեղում են

Հասարակություն
bd3b921d0915ddbc1436def2f24e9681

Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած՝ աճել է անչափահասների նկատմամբ բռնությունների թիվը. 83-ի փոխարեն դրանք 108-ն են։ Բռնությունների շարքում մեծ թիվ են կազմում սեռական (նախորդ տարվա 33 դեպքի փոխարեն՝ 43) և ֆիզիկական բռնությունները (29-ի փոխարեն՝ 46)։ Այսօր այս թվերը հրապարակեց ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանը։

Ի տարբերություն անչափահասների նկատմամբ կիրառվող բռնությունների աճի՝ կտրուկ նվազել է երեխաների կողմից իրակացված հանցագործությունների թիվը։

Նախորդ տարվա 255 հանցագործությունների դիմաց գրանցվել է 187 դեպք։

Ամենից տարածված հանցագործությունը գողությունն է (90 դեպք)։ 33-ով նվազել է նաև հանցագործությունների մեջ ներգրավված անձանց քանակը։

Հանցանք գործած անչափահասների շարքում փոքր թիվ են կազմում իգական սեռի ներկայացուցիչները։

Հանցագործությունների թվի նվազմանը, ըստ անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանի, նպաստել են իրենց կողմից անցկացվող լայնամասշտաբ աշխատանքները։ Բացի այդ տարբեր մարզերում բացվել են վերականգնողական համայնքային կենտրոններ,որտեղ մասնագետներն աշխատում են անչափահաս իրավախախտների հետ։

Անչափահասների գործերով բաժնի պետը չի ընդունում տեսակետը, թե գաղութներում հիմնականում մանկատան սաներն են հայտնվում և սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները։

«Աղքատությունը անչափահասին հանցանքի դրդող հիմնական պատճառը չէ։ Խնդիրը սխալ դաստիարակության մեջ է։ Ծնողները ճիշտ չեն տնօրինում երեխաների ազատ ժամանակը»,-ասաց Նելլի Դուրյանը։