Հացադուլ ոստիկանության շենքի դիմաց
Հունիսի 17-ին Սերժ Սարգսյանի նստավայրի առջեւ ինքնահրկիզման փորձ կատարած, նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօրվանից ՀՀ ոստիկանության շենքի դիմաց հացադուլ է հայտարել:
Նա ոստիկանությունից պահանջում է վճարել իր աշխատավարձի հավելավճարը՝ 2.5 մլն դրամ, իրեն ապահովել աշխատանքով, նաեւ հոգալ իր 10 տարեկան աղջկա բուժման ծախսերը։
Այսօր ոստիկանության շենքի մոտ հայրը իր բողոքի ակցիան իրականացնում էր երկու աղջիկների հետ՝ 12-ամյա Գայանեի եւ 10-ամյա Կարինեի հետ։
Կարինեի ձախ աչքը չի տեսնում, շարժվում է հենակներով։ Նա ասում է, որ թեեւ դժվարությամբ է գնում դպրոց, սակայն լավ է սովորում։
«Երբ մեծանամ իրավաբան եմ դառնալու, որ մարդկանց օգնեմ»,- ասում է նա։
Մխիթար Ալումյանին իր երկու երեխաների հետ այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Մերուժան Հակոբյանը։
Ալումյանի խոսքերով՝ Մերուժան Հակոբյանը ասել է, որ հիմքեր չկան այդ գումարը տալու եւ խոսելն անիմաստ է։
5 երեխաների հայրը պատրաստվում է իր բողոքի ձայնը բարձրացնել այնքան ժամանակ, մինչեւ խնդրին լուծում տրվի։