Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմինեն և Լեդի Մակբեթը» Ոսկե Ծիրան փառատոնում

Մշակույթ
ae7f5503551b133039cf4d162f92300e

Ռեժիսոր Միշա Ղազարյանի «Արմինեն և Լեդի Մակբեթը» վավերագրական ֆիլմը ներկայացված է Ոսկե Ծիրան 9-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի Հայկական Համայնապատկեր մրցութային ծրագրում: Ֆիլմը պատմում է Վանաձոր քաղաքում ապրող դերասանուհի Արմինե Մացակյանի և նրա ամուսնու՝ դերասան և բեմադրիչ Թեմուր Աճինյանի կյանքի, ճակատագի մասին: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Արմինեն, տառապում է շաքարախտով և որդու ծնունդից հետո հիվանդության պատճառով կորցրել է տեսողությունը:

Կյանքի և սեփական ճակատագրի հանդեպ առաջացած չարությունն ու մահվան զգացողությունը Արմինեն արտահայտում է միայն բեմում՝ Լեդի Մակբեթ խաղալիս: «Ես ուզում էի հասկանալ, թե ինչն է ստիպում դերասանին խաղալ Լեդի Մակբեթ. շատ դժվար է խաղալ այդ դերը՝ մի կին, որը հոգիների հետ է միշտ ապրում»,- ասաց Միշա Ղազարյանը:

Այս ֆիլմը մի ընտանիքի, մարդու և սիրո պատմություն է: «Այստեղ ճակատագրերի բախում կա: Հերոսների ընտանիքը գոյատեւում է սիրո, անձնազոհության շնորհիվ: Ֆիլմում անձնազոհություն կատարում է ամուսինը, որովհետև դժվար է ապրել մի մարդու հետ, որն ընդհանրապես չի տեսնում, և աշխատել որպես դերասան Վանաձորում»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Միշա Ղազարյանը:
Թեեւ դերասանուհի Արմինե Մացակյանը չի կարող տեսնել իր մասին պատմող ֆիլմը, սակայն հստակ գիտի, թե ինչպես է այն պատրաստված: «Կարծում եմ՝ սա մի քայլ էր, որ դերասանուհի Արմինե Մացակյանն անտեսված չլինի և փորձի ավելի լեցուն լինել կյանքով: Այս ֆիլմը պետք է նրան»,- ասաց ռեժիսորը:
Դերասանուհու հիվանդության պատճառով ֆիլմի նկարահանման աշխատանքները տեւել են ավելի քան երկու տարի: