Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեց փառատոնային շաբաթը (տեսանյութ)

Մշակույթ
3e41d6b0dd9e1887737bdfe73394bf76

Այսօր Երեւանը տոնական տրամադրության մեջ է: Տոնական այս տրամադրությունը կշարունակվի ուղիղ մեկ շաբաթ: Սուրբ Զորավոր եկեղեցում ծիրանի օրհնությամբ մեկնարկեց «Ոսկե Ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնը: Հոգևորականների կողմից ծիրանօրհնեքի հանդիսավոր արարողությունից հետո փառատոնի հյուրերն ու մասնակիցները, եղեղեցու բակում գտնվողները համտեսեցին Հայաստանն ու երեւանյան այս կինոփառատոնը խորհրդանշող օրհնված միրգը: 9-րդ տարին անընդմեջ ծիրանի օրհնությամբ էլ ազդարարվում է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը:

Երեկոյան արդեն Մոսկվա կինոթատրոնի առջեւ հյուրերին էր սպասում Կարմիր գորգը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու են եկել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բազմաթիվ քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ:

«Կինոյի այս տոնն արժանի է Երեւան քաղաքին: Ինը տարվա մեջ այն ապացուցեց, որ մենք ընտիր կինոհանդիսատես ունենք, որը սիրում է արվեստի ֆիլմեր, հեղինակային կինո: Այսօր հայկական ֆիլմերը 2 անվանակարգում կան՝ խաղարկային և վավերագրական կինո, բայց այս տարի մի քանի անգամ ավելի շատ ֆիլմեր են ներկայացված, քան նախորդ տարիներին. զարգացումը մեր աչքի առաջ է»,- ասաց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Փառատոնի հանդիսավոր բացման ընթացքում Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճում «փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնվեց իսպանացի աշխարհահռչակ ռեժիսոր Վիկտոր Էրիսեին, ով այս տարի գլխավորում է փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը: Փառատոնային առաջին օրը Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Համո Բեկնազարյանի «Շոռն ու Շարշոռը» ֆիլմի ցուցադրությունը՝ որպես փառատոնային շաբաթվա մեկնարկ:

Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կներկայացվեն շուրջ 170 ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր, որոնցից մոտ 90-ը կմրցեն չորս մրցութային անվանակարգերում, իսկ մյուսները կներկայացվեն հատուկ արտամրցութային ծրագրերում: Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 15-ը:

Մեկ շաբաթ մայրաքաղաքին տոնական տրամադրություն կապահովեն նաև ամեն օր Շարլ Ազնավուրի հրապարակում կայացող ջազ համերգները: