Հայկական КВН-ը 40 տարեկան է (տեսանյութ)
Ուրախների ու հնարամիտների հայկական ակումբի առաջին ելույթից անցել է 40 տարի: 1971-ի դեկտեմբերի 4-ին Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներն առաջին անգամ Հայաստանը ներկայացրեցին Մոսկվայում անցկացվող համամիութենական խաղերում:
«Այն ժամանակ խաղը մի նպատակ ուներ` կատակել, բավականություն պատճառել հանդիսատեսին: Հիմա խնդիրն այն է, թե ինչպես դրանով գումար աշխատեն»,- ասում է 1971թ ՈՒՀԱ-ի անդամ Ալեքսանդր Գալոյանը
Իսկ Արմեն Մարգարյանը լրացնում է. «Այսօր գրաքննություն չկա, չկա սահմանափակում, բայց սա արդեն այն խաղը չէ: Հիմա այն դարձել է շոու: Հումոր անելու համար հարկավոր է լավ ինտելեկտ ունենալ»։
Ովքե՞ր էին այսօր արդեն հեռավոր 1971-ի ուրախներն ու հնարամիտները, որ առաջին անգամ Հայաստանը ներկայացրեցին Մոսկվայում անցկացվող համամիութենական խաղերում: Հասան եզրափակիչ փուլ և Կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումը իրադարձություն դարձրին երևանցիների համար:
Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյան ու ևս 37 սրամիտ, բարեկիրթ, ինտելեկտուալ 20-ամյա երիտասարդներ: Նրանք Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներ էին՝ հիմնականում կիբեռնետիկայի ֆակուլտետից:
Եզրափակիչում հայտնվեցին երկու թիմեր` Երևանն ու Օդեսան: Հաղթեց Օդեսան, սակայն ակումբի անդամ Ալեքսանդր Գալոյանի կարծիքով՝ իրենք չպարտվեցին։ Ըստ նրա՝ Օդեսայի համար էր «աշխատում» խորհրային հրեաները։
Այս խաղը ճակատագրական դարձավ: ԽՍՀՄ-ի Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի ղեկավար Սերգեյ Լապինը փակեց հաղորդումը, եւ այն վերաբացվեց 1986թ-ին։
Սակայն Արա Երնջակյանի գլխավորած հայաստանյան թիմի գործունեությունը չավարտվեց: Նրանք հիմնեցին «Տղամարդկանց ակումբ»-ը, որն էլ հետագայում Երեւանի կամերային թատրոնի հիմքը դառավ:
Եվ ահա 40 տարի անց իրենց առաջին ելույթի օրը` դեկտեմբերի 4-ին Արա Երնջակյանի հիմնած Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Ուրախների և հնարամիտների Ակումբի թիմը կհավաքվի «Մոսկվայի տանը»՝ հոբելյանը նշելու: