Լիլիթը ներկաներին տեղափոխեց «ուրիշ »քաղաք (տեսանյութ)
Քաղաքից քաղաք սլանալով՝ գնացքները կայանեցին «Ուրիշ քաղաքում»։ Այն ստեղծել է «Ա1+»-ի հեռուստադիտողին քաջածանոթ Լիլիթ Բլեյանը, որն իր մեկ տարվա հույզերն ու զգացողությունները, տրամադրություններն ամփոփել է այսօր ներկայացված ձայնասկավառակում։
Բառեր, երաժշտություն, կատարում. «Ուրիշ քաղաքում» խորագրված ձայնասկավառակում ընդգրկված ինն երգերով ներկայանում է մեկ ուրիշ Լիլիթ։ Ինքնադրսեւորման այս կերպը հիացրել ու զարմացրել էր նրանց, ովքեր ստանալով շնորհանդեսի մասնակցության հրավերը՝ շտապել էին «Երեւան» հյուրանոց։ Հրավիրյալների թվում էին երգիչներ, լրագրողներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
Բազմաթիվ հարցազրույցներ վերցրած Լիլիթն այսօր ինքն էր պատասխանում լրագրողների հարցերին։ Դրանցից մեկն ամենադժվարն էր՝ լրագրո՞ղ, թե՞ երաժիշտ։ Լիլիթը չգիտի այդ հարցի պատասխանը, քանի որ հեռուստահաղորդումներ պատրաստելուց եւ երգեր գրելուց առավել նա զբաղված է երկու աղջիկներին մեծացնելու հաճելի հոգսով։
Ամուսինը՝ Վահեն ու ավագ դուստրը ՝ Արաքսը, պակաս հուզված չէին։ Վահե Հովհաննիսյանը շրջում է սրահով մեկ՝ հուզմունքը ցույց չտալու համար տեսախցիկներին։
9-ամյա Արաքսը չի թաքցնում, որ զարմացած է. «Դե ինքը այդքան էլ շատ երգով չի զբաղվել, իսկ այսօր դիսկ է գրել» :
Ձայնասկավառակը ներկայացնելիս՝ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ասում է, որ սա Լիլիթի երրորդ երեխան է։ «Տղա է»,- անկյունից լսվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիլի տնօրեն Աշոտ Բլեյանի ձայնը։
Լիլիթն Աշոտ Բլեյանի երեք աղջիկներից ավագն է։ «Առաջին հավեսն էր, որին այլ թելերով եմ կապված»,-ասում է Աշոտ Բլեյանը՝ թվարկելով դստեր արժանիքները, այդ թվում՝ բարեխիղճ կին, բարեխիղճ մայր, բարեխիղճ հարս։
Աշոտ Բլեյանն ուրախ է, որ դուստրը, չնայած բազմազբաղվածությանը, չի կորցրել «մանկության զիլ ձայները» ու դրանք այսօր երգի տեսքով հանձնում է ունկնդրին։ Լիլիթը դպրոցական տարիքում զբաղվել է երաժշտությամբ, սակայն չի շարունակել՝ հետագայում ընտրելով թարգմանչի, լրագրողի մասնագիտությունը։ Հայրը ճիշտ է համարում այդ. «Երաժշտությունը շահ չդարձրեց»։
Ներկաների մեջ միայն մեկի համար անսպասելի չէր Լիլիթի ձայնասկավառակի ծնունդը։ «Նա դեռ մեկ տարեկանից էր երգեր հորինում, իսկ ես նոտագրում էի»,- ասում է մայրը՝ Կարինե Ջանոյանը, ով երաժիշտ է։ Նա մի այլ գաղտնիք էլ է բացահայտում. Լիլիթը ժամանակ առ ժամանակ երգեր է գրում Երեւանի մանկապարտեզներից մեկի սաների համար, որտեղ հիմա ինքն է աշխատում։
Իսկ ի՞նչ կա Լիլիթի ստեղծած «Ուրիշ քաղաքում»։ Սա այն քաղաքն է, որտեղ կյանքը լիարժեք է, որտեղ մարդիկ դրսեւորվում են որպես քաղաքացիներ,- ասում է Լիլիթը։ Իսկ այդ քաղաքը կարող է լինել թե Երեւանը, թե ցանկացած «ուրիշ» քաղաք։
Համարյա մեկ տարի է տեւել «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակի ծնունդը, քանի որ Լիլիթի բառերով, «շատ ժամանակատար է կենդանի գործիքներով աշխատելը»։ Գործիքավորումն արել է Նարինե Զարիֆյանը, ով չի ուզում համեստություն խաղալ. « Լիլիթի՝ գեղեցիկ մեղեդիները դրել եմ ոսկե շրջանակի մեջ ու ստացվել է»։
Այս ձայներիզը մեծ հաջողություն կունենա, -կանխատեսում է բազմաթիվ երաժիշտների հետ աշխատած Նարինե Զարիֆյանը։