Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիպերռեալիստական ցուցահանդես՝ Երևանում

Մշակույթ
475cc3e37943d1d6c44d2b353707c6e3

Նոյեմբերի 22-ին Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում կկայանա հիպերռեալիստական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն երիտասարդ դիզայներների հեղինակած հիպերռեալիստական ուղղության մոտ 65 աշխատանքներ: «Ֆոտոռեալիզմի էսթետիկ սկզբմունքների վրա հիմնված այս ուղղությունը նպատակ չունի կրկնօրինակել իրականությունը: Օբյեկտներն ու տեսարանները հիպերռեալիստական գեղանկարչության մեջ մանրամասնեցված են, որպեսզի ստեղծվի իրականության պատրանք, բայց դա սյուռեալիզմ չէ, քանի որ կարող է հանդիպել իրականության մեջ»,- վստահեցնում են կազմակերպիչները:

Ցուցահանդեսի ղեկավար, համալսարանի «Դիզայն» ամբիոնի դասախոս, դիզայներ Հայկազ Արսենյանը նշում է, որ հիպերռեալիստական աշխատանքների ստեղծումը նախ և առաջ յուրատեսակ փորձություն էր երիտասարդ դիզայներների համար, որոնց առաջ խնդիր է դրվել ստանալ պատկերներն ու իրերն այնպիսին, ինչպիսին դրանք ֆիքսել է օբյեկտիվը` իրական գույնով կամ փայլով:

Իսկ թե ինչպես է դա արվում և որտեղից է սկիզբ առել արվեստի այս ուղղությունը ցուցահանդեսի այցելուներին բացման արարողության ժամանակ կծանոթացնեն ճանաչողական ֆիլմի միջոցով: Անմասն չեն մնա նաև նրանք, ովքեր չեն հասցնի այցելել ցուցահանդես. լույս կտեսնի բացառիկ այդ աշխատանքների նմուշագիրքը:

Ցուցահանդեսը կտևի 3 օր: Մուտքն ազատ է: