Հրացանակիրը Երեւանում է (տեսանյութ)
«Հայաստանում Ռուսական մշակույթի սեզոնների» շրջանակում հինգօրյա այցով Երևանում են ՌԴ ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովը, տիկնոջ` թատերական քննադատ Գալինա Աքսյոնովայի հետ:
Մինչ ստեղծագործական երեկոն, որը կկայանա վաղը Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում, նրանք վարպետության դասեր կտան Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողությանը:
Դերասան, դրամատիկ և օպերային ներկայացումների բեմադրիչ, գրքերի հեղինակ Վենիամին Սմեխովը, ով անմոռանալի դերեր է ստեղծել խորհրդային Մոսկվայի ավանգարդ թատրոնում` Տագանկայում։ Նա նկարահանվել է ավելի քան 25 ֆիլմերում, բայց ավաղ, նրան ավելի հաճախ հիշում են որպես «Երեք հրացանակիրներ» ֆիլմի Աթոսի դերակատար։
«Ես դաստիարակված եմ բառը հարգելու օրենքներով:Բառն ու պոեզիան ինձ դերասան դարձրին»,- ասաց Սմեխովը:
Սմեխովը անդրադարձավ նաև իր այցին Եղիշե Չարենցի տուն- թանգարան, որը պատահական չէր ընտրված:
«Պավել Լիսիցյանի կրտսեր որդուն` Գերային ես եմ նախապատրաստել ներկայացման`ըստ Չարենցի ստեղծագործությունների: Եվ լավ է, որ իմ կյանքում եղել է Եղիշե Չարենց կոչվող իրադարձությունը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Տագանկայի արդեն նախկին գեղարվեստական ղեկավար, 94-ամյա Լյուբիմովի պաշտոնազրկմանը, Սմեխովն ասաց, որ սա սոսկ «թատերական ընտանիքի» հարցն է,և նա այս մասին լրագրողների հետ որևէ անգամ չի ցանկացել խոսել:
Այսօր Սմեխովը ԱՄՆ համալսարաններում դասավանդում է դերասանի վարպետություն, ստեղծագործում չափածո և արձակ:
Դեկտեմբերին «Ռուսական մշակութային սեզոնների» շրջանակում տեղի կունենան Առնո Բաբաջանյանի ու Միքայել Թարիվերդիևի հոբելյաններին նվիրված համատեղ համերգներ: