Տղամարդիկ հետապնդում են առաջատարներին
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում շարունակում է կրնկակոխ հետապնդել առաջատարներին:
6-րդ տուրում մեր շախմատիստները 2,5:1,5 հաշվով առավելության հասան Իսպանիայի ազգային թիմի նկատմամբ: Հաղթական միավորը թիմին բերեց Գաբրիել Սարգսյանը:
Հայաստանի ընտրանին վաստակել է 9 միավոր եւ այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Մեր թիմը առայժմ ետ է մնում Ռումինիայի (2 միավորով), Ադրբեջանի եւ Բուլղարիայի (1 միավորով) հավաքականներից: 7-րդ տուրում Հայաստանը ուժերը կչափի Ֆրանսիայի հետ, որը 6-րդն է առաջնությունում:
Մեր կանանց հավաքականը նույնպես բարելավեց իր մրցաշարային գործերը` 6-րդ տուրում վստահ հաղթելով Հունաստանի թիմին` 3:1: Մերոնք երեք տեղով բարձրացան աղյուսակում եւ այժմ 8 միավորով 8-րդ տեղում են գտնվում:
Այսօր մեր շախմատիստուհիներին լուրջ փորձություն է սպասում՝ նրանք մրցելու են առաջնության միանձնյա առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ, որն իր ակտիվում ունի 11 միավոր: