Իսպանիայում սպասում են Նալբանդյանին
Իսպանիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Խոսե Լուիս Էսկանյելոն հույս է հայտնել, որ արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը վնասվածքներից շուտ կապաքինվի եւ կմասնակցի Դեւիսի գավաթի խաղարկության Արգենտինա-Իսպանիա եզրափակիչ խաղին:
«Մենք ցանկանում ենք, որ մեր եւ Արգենտինայի հավաքականները հանդիպմանը ներկայանան իրենց ուժեղագույն կազմերով, որպեսզի կարողանանք վաճառել բոլոր 28 հազար տոմսերը: Ցանկալի կլինի, որ Դավիթ Նալբանդյանն ու Դել Պոտրոն ապաքինվեն մինչեւ հանդիպումը եւ նույնպես ժամանեն Իսպանիա»:
Նշենք, որ մեր հայրենակիցը մկանային վնասվածք է ստացել հոկտեմբերին Վալենսիայում կայացած միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչում: Այժմ նա բուժման կուրսեր է ընդունում:
Ի դեպ, Դեւիսի գավաթի խաղարկության կազմակերպիչները եզրափակիչ խաղի միջոցով ցանկանում են օգնություն ցույց տալ Սեւիլիայի անապահով ընտանիքներին (հանդիպումը կայանալու է հենց այդ քաղաքում, դեկտեմբերի 2-4-ին): Նրանք պատրաստել են խաղին նվիրված հատուկ թեւնոց, որոնք փոխանակում են սննդամթերքի հետ:
Կազմակերպիչները մտադիր են այդպես հավաքել մոտ 20 տոնա սննդամթերք, որը տրամադրվելու է տեղի 300 անապահով ընտանիքներին: