Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատիստներին չի կարելի խաղալ հողաթափերով

Սպորտ
06673e8e81e4d6489a35dcb425ff903e

2012 թվականից Եվրոպայի շախմատի պաշտոնական մրցումներում մասնակիցները չեն կարող «ոչ-ոքի»-ի առաջարկություն անել մինչեւ 40-րդ քայլը: Նման անսովոր որոշում է կայացրել Եվրոպայի շախմատի միության գերագույն անսամբլեան, որը շարունակում է իր աշխատանքները հունական Պորտո Կարաս քաղաքում:

Կանոնի հեղինակը ԵՇՄ-ի նախագահ Սիլվիո Դանաիլովն է, որը դեռ այս տարվա մարտին կայացած անսամբլեայի նիստի ժամանակ առաջարկել էր պաշտոնական մրցումների ժամանակ առաջնորդվել Սոֆիայի մրցաշարի կանոնակարգով, որը մինչեւ պարտադիր 40 քայլը թույլ չի տալիս համաձայնության գալ «ոչ-ոքի» հաշվով:

Բուլղարացու առաջարկությամբ պաշտոնական մրցումների մասնակիցների համար կսահմանվի նաեւ «դրես-կոդ», այսինքն՝ ներկայանալ կոնկրետ հագուստով:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, մեկնաբանելով այդ որոշումները, «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց, որ սահմանված կանոներին դեմ չէ:

«Եվրոպայի շախմատի միությունը հավանաբար ցանկանում է ավելի ուժեղացնել պայքարը՝ միավորների համար, բացառել գրոսմայստերական «ոչ-ոքի»-ները: Իմ կարծիքով, դա ավելի դիտարժան կդարձնի շախմատը: Ինչ վերաբերում է դրես-կոդին, ապա դա էլ ճիշտ որոշում է, քանի որ շախմատիստներ կան, որ մրցումներին ներկայանում են հողաթափերով, անպարկեշտ հագուստով եւ այլն»,-ասել է նա։