Արաքս Դավթյանն էլ չկա, բայց կա նրա ձայնը (տեսանյութ)
Արամ խաչատրյան համերգասրահում ՀՀ ժողովրդական արտիստ, Արաքս Դավթյանի հիշատակի երեկոն էր: Հավաքվել էին նրա հարազատները, աշակերտները, երկրպագուներն ու պաշտոնյա անձինք, հիշելու մեծանուն երգչուհուն, որը Հայաստանից հեռացած մեր օպերային աստղերից շատերի նման, դրսում մեծ համբավ ձեռք բերեց և հանդես եկավ աշխարհի հեղինակավոր բեմերում ու համագործակցեց հանրահայտ երաժիշտների հետ:
Արաքս Դավթյանը առաջին խորհրդային երգչուհին էր, որը հաղթեց երաժշտարվեստի հեղինակավոր՝ Իտալիայի Վիոտիի անվան միջազգային մրցույթում և անմիջապես Մեծ թատրոնից Վիոելետի դերերգով «Տրավիատայում» հանդես գալու հրավեր ստացավ:
Նրա լիրիկական սոպրանոն հնչել է Նյու Յորքի «Կարնեգի Հոլլում», Տոկիոի «Սենթըր Հոլլում», Փարիզի «Գավո» և Ամստերդամի «Գեբաու» դահլիճներում: Արաքս Դավթյանը բացառիկ արտիստիզմի տեր էր, որի փայլուն ապացույցը Ռուստամ Խամդամովի «Վոկալ զուգահեռներ» խաղարկային ֆիլմում նրա մարմնավորած երգչուհու կերպարն էր:
Հիշատակի համերգի ժամանակ Մոցարտի երաժշտության մեծագույն մեկնաբան եւ «վերդիական» լավագույն ձայների շարքին դասվող Արաք Դավթյանի մասին գերադասեցին չհնչեցնել պաշտոնական խոսքեր, այլ կատարլ միայն Ռոսինիի «Հանդիսավոր մեսսայի» պայծառ երաժշտությունը։
Կատարում էին «Հովեր» պետական կամերային երգչախումբը, մենակատարներ Իրինա Զաքյանը, Նարինե Անանիկյանը, Պերճ Քարազյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Սվետլանա Նավասարդյանի ու Կարինե Հովհաննիսյանի նվագակցությամբ և Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ:
Հնչեց Արաքս Դավթյանի աստվածաշնորհ ձայնը ու դահլիճը ոտքի կանգնեց եւ ծափահարեց։ Իսկ խոսքերն ասվեցին արդեն կուլիսներում: Հիշեցին, հուզվեցին, խոսեցին ու էլի հուզվեցին: