Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնական ամիս՝ Սպենդիարյանի հիշատակին

Մշակույթ
a850b5a58ac778b23af36d925ac2cb9e

Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմի մոտ կայացած միջոցառումն այսօր կոմպոզիտորի ծննդյան 140-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների մեկնարկն էր, որը կտեւի մեկ ամիս:

«Ցավոք, քչերը գիտեն, որ Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ օպերայի բակում է հանգչում հայ-դասական երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի աճյունը։ Բացի կոմպոզիտորին հիշատակի տուրք մատուցելուց, սա նաեւ ճանաչողական նշանակություն ունի »,- ասաց Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։

Տիկին Օթարյանը նշեց, որ միայն հոբելյանական տարում չէ, որ պետք է հատուկ ուշադրության արժանացնել հայ-դասական երաժշտության հիմնադրին, արժևորել նրա գործն ու հիշատակը: Սա պետք է անել ամեն օր և ամեն տարի:

«Ալմաստ» օպերայի, «Երևանյան էտյուդների», «Երեք արմավենու» եւ հայ երաժշտարվեստում մնայուն ու անմահ շատ այլ ստեղծագործությունների հեղինակ Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմի մոտ, սբ. Գեղարդ վանքի երգեցիկ խմբի մասնակցությամբ, մատուցվեց հոգեհանգստյան կարգ, որին հաջորդեց «Պատանի սպենդիարիանականների երդման» գեղեցիկ արարողությունը, հնչեցին ստեղծագործություններ՝ կոմպոզիտորի անունը կրող դպրոցի ժողգործիքների նվագախմբի եւ օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի երգչախմբի կատարմամբ։

Ի դեպ, հոբելյանական միջոցառումների շարքում կանցկացվի առաջին համահայկական գիտաժողով: