Պինկաս Ցուկերմանը Երեւանում է (տեսանյութ)
««Գրեմմի» կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթը «Երևանյան հեռանկարներ» երաժշտական 12-րդ միջազգային փառատոնի այս տարվա վերջին իրադարձությունն է»,- այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում լրագրողների հետ հանդիպմանը ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Ստեփան Ռոստոմյանը:
«Ավելորդ բառերի, տրաֆարետ դարձած՝ «լեգենդար ու հանրահայտ» որակումների անհրաժեշտությունն, ըստ իս, չկա։ Ասում ենք Պինկաս Ցուկերման ու բոլորին ամեն ինչ պարզ է դառնում»,- ասաց Ստեփան Ռոստոմյանը։
Ասաց նաև, որ համերգից առաջ, միակ փորձը շատ կարճ է տևել, որը վկայում է մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի բարձր պատրաստվածությունը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր էդուարդ Թոփչյանի ձայնն այսօր խզված էր ու հարցին, թե. ինչպե՞ս անցավ փորձը, հնչեց լակոնիկ պատասխան`«հրաշալի»: Ի դեպ, լրագրողների մուտքը, թե փորձին, թե համերգին, խստիվ արգելվեց:
Սա աշխարհի հեղինակավոր սրահներում լավագույն նվագախմբերի հետ ելույթներ ունեցած ջութակահար, ալտահար, դիրիժոր Ցուկերմանի երկրորդ այցելությունն էր՝ Հայաստանյան: Երաժիշտն ասաց, որ ուրախ է վերադառնալ Հայաստան, որ երկիրն ավելի է գեղեցկացել ու կենդանացել: Խոսեց Ջուլիարդի դպրոցում իր ուսուցիչ Իվան Գալամյանի մասին՝ որպես իր ջութակին կատարյալ նվիրում ունեցող մի անձնավորության: Ու թե որքան ջանքեր են պահանջվում, համաշխարհային ճգնաժամի պայմաններում երաժշտարվեստն այսօր պատշաճ մակարդակի պահելը: Խոսեց հայ երաժիշտների ու մասնավորապես թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասին, որին հրավիրել է ելույթ ունենալ իր նվագախմբի հետ: