Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջազը` մանկավարժականում (տեսանյութ)

Մշակույթ
4a6286d70e9de27683d5a293ce432f42

«Այնպիսի ազատ մթնոլորտ, ինչպիսին ջազն է ստեղծում, դժվար է ուրիշ տեղ գտնել, այն միեւնույն ժամանակ ազատություն է տալիս, եւ հավասարակշռում է մարդուն»,- ասում է ԱՄՆ քաղաքացի, ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը: Նրա արվեստն այսօր լսում են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:

Խոսելով դասական երաժշտության եւ հատկապես ջազի մասին Քյոսայանն ընդգծեց. «Հայաստանում չի պրորպագանդվում բարձրաճաշակ արվեստ: Փոխարենը հեռուստաեթերից հնչում է անմակարդակ, ռաբիս եւ անորակ երաժշտություն: Դա հայ ժողովրդի հանդեպ թշնամություն է, մեր երիտասարդությունը պահանջ ունի լավ երաժշտության»:

Ըստ նրա, մեր խնդիրները գալիս են տգիտությունից. այն բոլոր չարիքների սկիզբն է: Բացի այդ, երաժշտի գնահատմամբ, այսօր մեզանում վերացել է արվեստ հասկացությունը: «Մեր բառապաշարից անգամ արվեստ բառը վերացել է, իսկ մշակույթ մենք միշտ ունեցել ենք, պետք է արվեստը վերականգնել»:
Ջազ երաժիշտը երկարատեւ ընդմիջումից հետո այսօր ապրում եւ ստեղծագործում է հայրենիքում:

Հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի ջազ-քառյակը հանդես եկավ հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճում: Ի դեպ, ՀՊՄՀ-ն ստեղծագործական պայմանագիր է կնքել ջազ քառյակի հետ, եւ այն այսուհետ կկոչվի «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակ»:

Ամիսը երկու անգամ մանկավարժական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորություն կունենան ունկնդրելու ջազ-քառյակի համերգները: Գարի Քյոսայանը համալսարանում տեսնում է պոտենցիալ: Հնարավոր է, որ ուսանողներից ոմանք նաեւ ընդգրկվեն նրա խմբում: