«Դու մենակ չես… Միասին կհաղթենք» (տեսանյութ)
Հոկտեմբերի 22-26-ը Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվի մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը:
98 ֆիլմ՝ 35 երկրից կցուցադրվի փառատոնի շրջանակներում։ Մարզերում ցուցադրությունը կտեւի 40 օր: Տեղեկացնենք, որ փառատոնը կազմակերպում է Հայաստանում Ռոլան Բիկովի հիմնադրամը։
Բացի կինոդիտումներից, մրցույթային անվանակարգերից ու մրցանակներից, փառատոնը կառանձնանա իր յուրահատուկ ծրագրերով: Մասնավորապես՝ USAID և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ, 3-ական երեխաներ Հայաստանից, Թուրքիայից և Վրաստանից կմասնակցեն workshop-ի, որից հետո կնկարահանվի անիմացիոն ֆիլմ:
UNICEF-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ էլ փառատոնի շրջանակ կընդգրկվի նոր անվանակարգ` տարբեր երկրներում երեխաների նկարահանած ֆիլմեր՝ երեխաների համար: «Երկրի օր» ծրագիրն էլ նվիրված է լինելու Ճապոնիային: Փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը կարևորեց նոր սերնդի առնչությունը՝ Ծագող արևի երկրի մշակույթին։
Նախատեսված են նաեւ ստեղծագործական երեկոներ, նկարչական աշխատանքների ցուցադրություններ, համերգներ ու հանդիպումներ՝ ճանաչված կինոգործիչների հետ:
«Դու մենակ չես... Միասին կհաղթենք» ծրագրի շրջանակներում էլ Հայաստան կժամանի Յարոսլավլի տարածաշրջանային բժշկական կլինիկայի Միկրոէնդոսկոպիկ Օթոլարինգոլոգիայի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կոզլովն ու անվճար բուժզննում ու ցուցադրական վիրահատություններ կկատարի մանկատան ու անապահով ընտանիքների երեխաների համար:
Ծրագիրը կիրականացվի «Արաբկիր բժշկական համալիր- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» -ի հետ համատեղ: