Պրեմիերա՝ Շեքսպիրի «12-րդ գիշերը»
Այսօր և վաղը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացվի Շեքսպիրի «12-րդ գիշերը»- ` աշխարհահռչակ անգլիացի ռեժիսոր Դեկլան Դոնելլանի բեմադրությամբ և ռուս հայտնի դերասանների մասնակցությամբ:
Նախագիծը համատեղ է՝ Մոսկվայի Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնը և Լոնդոնի «Չիկ բայ ջոուլ» թատրոնը այն ներկայացնում են Հայաստանում «Ռուսական մշակույթի սեզոններ»- ի շրջանակում:
«Ներկայացումը կբացի Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան ամենամյա միջազգային փառատոնը եւ կդառնա նրա այցեքարտը»,- այսօր լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը եւ ներկայացրեց Մոսկվայից ժամանած հյուրերին՝ Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի գլխավոր տնօրեն, ՌԴ նախագահին կից մշակութային խորհրդի նախագահության անդամ, Վալերի Շադրին, դերասաններ՝ Ալեքսեյ Ֆեկլիստով, Միխայել Ժիգալով, Իգոր Յասուլովիչ։
Հյուրերը հիացական խոսքեր շռայլեցին մեր արևային քաղաքի հասցեին ու խոսեցին իրենց ինքնատիպ ներկայացման մասին, որում տղամարդ դերասաները կմարմնավորեն կանանց, ինչպես Շեքսպիրի ժամանակներում: